Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը
Հարկային փաթեթում ներառված օրենսդրական փոփոխությունների հիմքում բիզնեսից հնչած 7 տասնյակից ավելի առաջակություններն են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեից:
«Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել և ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում է կար•ավորման մի շարք ուղղություններ: Մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով փաթեթով նախատեսվում է ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացող (ՓՄՁ) հարկատուների համար պարզ ընթացակարգերի սահմանում` կրճատելով նրանց կողմից հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների քանակը:
Ընդ որում, փաթեթով առաջարկվում է կրճատել ոչ միայն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակն, այլև դրանց ներկայացման պարբերականությունը: Առաջարկվում է նաև վերացնել հարկային մարմին առանձին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն առկա է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:
Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողների կողմից դուրս գրվող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի քանակը` զուգահեռաբար նրանց ազատելով օրենսդրությամբ սահմանված առանձին գրքերի վարումից:
Հարկ է նշել, որ հարկային հսկողության համար կիրառվող ուսումնասիրությունների երկու ռեժիմներից 2013թ. հունվարի 1-ից կգործի միայն մեկը, իսկ մյուս ռեժիմը հարկային մարմինը կկիրառի ոչ թե պարտադիր կարգով, այլ միայն հարկ վճարողի մոտ ռիսկերի առկայության դեպքում: Իսկ հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար առաջարկվում է կիրառել պատասխանատվության կիրառման արդարացի մեխանիզմ:
Մյուս հիմնական ուղղությունը` հարկային պլանավորման հնարավորությունների սահմանափակման, սողանցքների վերացման, ստվերային շրջանառությունների կրճատման ու հսկողության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված փոփոխություններ են:
Այսպես, առաջարկվում է հարկային օրենսդրության պարզեցմանը զուգահեռ կատարելագործել հարկային հսկողության մեխանիզմները և թիրախավորել այն հարկ վճարողներին, որոնց մոտ հնարավոր են հարկային օրենսդրության խախտումներ: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է որոշ ապրանքների համար սահմանել պարտադիր պիտակավորման պահանջ:
Միաժամանակ առաջարկվում է սահմանել չհայտարարագրված իրացումների բացահայտման գործուն մեխանիզմներ: Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթում ներառված են նաև հարկային օրենսդրական դրույթների հստակեցմանն ուղղված մի քանի տասնյակ փոփոխություններ:
Մասնավորապես, նախատեսվում է քաղաքացիների համար հստակեցնել հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չհամարվող գործարքները, մասնավորապես` գույքի վարձակալությունը, անհատույց օգտագործումը, ոչ նյութական ակտիվների օտարումը և տոկոսների ստացումը: Առաջարկվում է հստակեցնել նաև առևտրային զեղչերի կիրառման, գերնորմատիվային կորուստների հաշվառման, վառելիքի համար կատարված ծախսի նորմաների, գույքի օտարման, առանձին հարկատեսակների հաշվանցման, գույքի վերագնահատման հետ կապված բազմաթիվ հարցեր:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախա•ահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի հիմնական ուղղություններից մեկը փոքր և միջին բիզնեսին է առնչվում:
ՊԵԿ-ն առաջարկում է կիրառել շրջանառության հարկ, որն, ըստ Վախթանգ Միրումյանի, կփոխարինի ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար. այսօր ՓՄՁ սուբյեկտները շուրջ 17.2 տոկոս իրացման շրջանառությունից կախված բեռ են կրում այն ծախսերի գծով, որոնք կատարում են, որպեսզի իրենց հաշվառումը կատարվի օրենսդրության համապատասխան:
Շրջանառության հարկով ՊԵԿ-ը բիզնեսին առաջարկում է պարզագույն հաշվարկ` դրանով իսկ զերծ պահելով հարկային և հաշվապահական հաշվառում կատարելու պարտավորությունից: «Շրջանառության հարկի ներդրումն ի սկզբանե բիզնեսի համար հարկային բեռի չեզոքություն է ապահովում, պարզապես կտրուկ հեշտանում է հարկերը հաշվարկելու և վճարելու մեխանիզմը, մյուս կողմից էլ ՊԵԿ-ին ձեռնպահ է պահում ՓՄՁ-ների նկատմամբ վերահսկողություն իրականցնելուց, եթե վերջիններս, բնականաբար,գործուենությունը ծավալում են օրենսդրության շրջանակում»,- ընդգծել է Վախթանգ Միրումյանը:
«Շրջանառության հարկի մասին» նախագծով առաջարկվում է ճիշտ այնքան դրույքաչափ, որքան շահութահարկով է նախատեսված. 3.5 տոկոս` առևտրի ոլորտում, իսկ 5 տոկոս` այլ ոլորտներում գործունեություն իրականացնողների համար:
Վախթանգ Միրումյանի խոսքերով, անհամեմատ կկրճատվեն նաև ՓՄՁ-ների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները, մասնավորապես իրացման շրջանառությունից բխող հաշվետվությունները 13-ից կհասցվեն ընդամենը 4-ի:
Օրենսդրական փոփոխությունների մյուս հիմնական ուղղությունը հարկային վարչարարության կատարելագործման և հսկողության գործիքների թիրախավորված ուժեղացմանն է վերաբերում: Գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից, կոմիտեի նախագահի տեղակալի խոսքերով, ՊԵԿ-ն առաջարկել է վերանայել որոշ հարկատեսակների գծով պատասխանատվության նորմեր և դրանց մեծությունը կապել ուղղակիորեն պետբյուջե վճարվող հարկի մեծության հետ.
«ՊԵԿ-ը հանդես է եկել բիզնեսի հետ համագործակցության առաջարկով. ՊԵԿ-ի հետ աշխատել թափանցիկ, այսինքն, եթե 2013-ի ընթացքում կամովին ներկայացնեն համապատասխան հաշվարկներ և հաշվարկների ընթացքում արտացոլեն հարկերի իրական մեծությունն, ապա այս դեպքում իրենք կազատվեն հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերը հաշվարկելու պարտավորությունից»:
Պատասխանելով լրա•րողների հարցին, թե ինչպիսի վարչարարություն է իրականցվում փոքր և միջին բիզնեսի նկատմամբ` 101 միլիարդի կատարողականով պայմանավորված, կոմիտեի նախագահն ընդգծել է.
«Անվիճելի է այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը 101 միլիարդ եկամուտների կատարողականն ապահովելու համար իր հույսը չի կապում ՓՄՁ-ի հետ, բնականաբար այն պարզ պատճառով, որ փոքր և միջին բիզնեսը վճարում է հարկային եկամուտների ընդամնեը 1-2 տոկոսը: Ավելին, քանի որ այս նախագծով հնարավորին պարզեցվում է հաշավառումը, ՊԵԿ-ն ավելի քիչ անելիքներ կունենա փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ, այն պարզ պատճառով, որ հարկային օրենսդրության դրույթները ճիշտ պահպանելու դեպքում նվազում է սխալների հավանականությունը:
Մենք կարծում ենք, որ բոլոր նման դեպքերում, տնտեսվարող սուբյեկտներն, ըստ էության, ճիշտ կարտացոլեն իրենց հարկային պարտավորություները: Իսկ նոր համակարգը պարզապես կնպաստի, որպեսզի ՊԵԿ-ը ձեռնպահ մնա նման հարկատուների խմբի նկատմամաբ վարչարարություն իրականացնելուց»: