Ղարաբաղին «այո» ասելը կստեղծի նախադեպ, որը ցանկալի չէ շատ պետությունների համար

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դիտորդ պետության կարգավիճակ շնորհեց Պաղեստինի Ինքնավարությանը: Կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 138- ը, դեմ` 9-ը, իսկ 41 մասնակից ձեռնպահ մնացին, ոմանք էլ ընդհանրապես չքվեարկեին:

Փաստաթղթին հավանություն տվողների թվում են են` Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Լիբանանը, Թուրքիան և Հայաստանը: Դեմ են եղել ԱՄՆ-ն, Կանադան, Պանաման և Չեխիան:

Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը, ով ժամանել էր Երևան` մասնակցելու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին նվիրված համաժողովին, 168.am-ի հարցին, թե արդյոք Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելը կամ ՄԱԿ-ի անդամ դառնալը կարո՞ղ է նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար, պատասխանեց.

«Սկզբունքորեն` այո, գործնականում` ոչ»:

Ըստ նրա` ճանաչման համար ԼՂՀ-ն պետք է ստանա ՄԱԿ-ի անդամների մեծամասնության աջակցությունը, բայց խնդիրն այն է, որ չափից ավելի պետություններ կան, որոնք ունեն նմանատիպ հիմնախնդիրներ:

«Վերցնենք իմ հայրենի երկիրը` Կանադան: Ընդհանուր առմամբ` Կանադան իր արտաքին քաղաքականությամբ աջակցում է Հայաստանին: Բայց արդյո՞ք Կանադան կողմ կքվեարկի ԼՂՀ-ի ճանաչմանը այդպիսի քվեարկության ժամանակ, ո´չ: Ինչո՞ւ, որովհետև Կանադան ունի Քվեբեկի խնդիրը: Նույնը կարելի է ասել Իսպանիայի մասին. այնտեղ Կատալոնիայի հիմնախնդիրը կա, Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիան նույնպես ունի այդպիսի հիմնախնդիր, աֆրիկական պետությունները և այդպես շարունակ»:

Անգլիացի քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղին «այո» ասելը կստեղծի նախադեպ, որը ցանկալի չէ այդպիսի պետությունների համար:

Հիշեցնենք, դեռևս 1947 թ. ՄԱԿ-ի 181/2 բանաձևով նախատեսվում էր Պաղեստինի ենթամանդատային տարածքի վրա ստեղծել Իսրայել և Պաղեստին պետությունները, սակայն Պաղեստին պետությունն այդպես էլ չստեղծվեց, իսկ 1948 թ. Իսրայել պետության հռչակումից հետո սկիզբ առավ արաբա-իսրայելական հակամարտությունը, որը շարունակվում է մինչ օրս: Պաղեստինի Իքնավարությունը կամ Պաղեստինի Ազգային Ադմինիստրացիան ստեղծվել է 1994 թվականին Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների հիման վրա, երբ Օսլոյում կայացած բանակցություններից արդյունքում` Պաղեստինի ազատագրության շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթը  և Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի միջնորդությամբ Վաշինգոնի Քեմփ Դեյվիդ ամառանոցում ստորագրեցին համաձայնություն:

Նեյլ Մաքֆարլեյնի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք առաջիկայում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս