«Մենք դեռ կառավարության հետ այս հարցը մանրամասն կքննարկենք». Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարությունը չի ընդունել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության՝ 2013 թվականի պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ առաջարկները: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը պետք է նախ լսի կառավարության հիմնավարումները, որովհետև գուցե այլ առաջնահերթություններ են եղել:

Մեր հարցին, թե՝ ըստ ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանի՝ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն, արդյո՞ք Ձեզ այս պատասխանը բավարարում է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Կարծում եմ, մի բան է՝ ինչ գրված է, մի այլ բան է՝ ինչ ասվում է: Նրանք, հավանաբար, պատասխանը համառոտ են գրել, բայց մենք դեռ իրենց հետ այս հարցը մանրամասն կքննարկենք: Համենայնդեպս, Կառավարությունը Հանրապետական կուսակցությունն է ձևավորել իր գործընկերոջ հետ, այնպես որ՝ մենք կպաշտպանենք կառավարության առաջարկած բյուջեն»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջարկել էր՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով, տրանսպորտային նյութերն ավելացնել 30 մլն դրամով, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ, աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով, Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս