
Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին. Քաղաքացիները փորձել են հաշվեհարդար տեսնել ուշացած բժիշկների հետ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանը վարելով «Վազ 2106» մակնիշի 65 ՍՕ 421 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակից Երևան ընթանալիս, Գևորգ Չաուշի թաղամասի 9-րդ նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա Անահիտ Գևորգյանին: Այս մասին հաղորդում է shamshyan. com կայքը: Վարորդը փախուստի չի դիմել: Նրա անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը նրան վերցրել է հսկողության տակ, քանի որ մթնոլորտը շիկացած է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկվածը մահացել է:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ շտապօգնության բրիգադը բավականին ուշացել է, և եթե չուշանային, երևի հնարավոր կլիներ փրկել վրաերթի ենթարկվածի կյանքը: Նույնիսկ հավաքվածները փորձել են հաշվեհարդար տեսնել ուշացումով ժամանած բժիշկների հետ: Սակայն այդ ամենը կանխվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի