«Պայքարը գնալու է երկրորդ տեղի համար». Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր, ինչպիսիք են համագումարի նախապատրաստական, շտաբների ձևավորման և այլ աշխատանքները:

Է. Շարմազանովի փոխանցմամբ, քննարկվող ներկուսակցական հարցերի երկրորդ խումբն առնչվել է ՀՀԿ արտաքին քաղաքական համագործակցությանը. «Ինչպես գիտեք՝ մեր կուսակցությունն ակտիվ համագործակցում է «Եդինայա Ռոսիա» և Երոպայի ժողովրդական կուսակցության հետ: Դեկտեմբերին տեղի կունենա ԵԺԿ նախագահի այցը Հայաստան, ինչին կհետևի ԵԺԿ-ի սամիթը, որին կմասնակցի նաև կուսակցության պատվիրակությունը: Նաև քանի որ ՀՀԿ նախագահը գտնվում էր արտերկրում, վերջիսն կիսվեց այցի արդյունքներով, մենք նան հարցեր հղեցինք նրան: Նշեմ, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր»:

Լրագրողները խնդրեցին մասնավորեցնել, թե կոնկրետ նեքաղաքական ի՞նչ հարցեր են քննարկվել և արդյոք դրանք առնչվե՞լ են փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց.

«Նախագահական ընտրությունների հետ կապված ամեն ինչ հստակ է: Մենք արդեն հայտարարել ենք, որ առաջադրելու ենք գործող նախագահի թեկնածությունը: Դեկտեմբերի 15-ին դուք բոլորդ հնարավորություն կունենաք լսելու նրա նախընտրական ելույթը: Անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից՝ մենք գտնում ենք, որ ամենաֆավորիտ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ այլ կուսակցությունների սատարելու, չսատարելու հետ կապված՝ դիմեք այդ կուսակցություններին»:

Կարդացեք նաև

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ անկախ նրանից, թե ընդդիմության դաշտում կլինի միասնական ճակատ, թե ոչ, ՀՀԿ-ն համարում է, որ ֆավորիտ թեկնածուն միայն գործող նախագահն է, և պայքար է ընթանալու երկրորդ տեղի համար:

«Ես մշուշոտ եմ համարում, որ կլինի միասնական թեկնածու, ով կարող է համախմբել թե՛ ծայրահեղ ձախերին, թե՛ ծայրահեղ աջերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տարբեր ընդդիմադիր ուժերը նույնիսկ իրենց մեջ չեն կարող միասնական ճակատ ստեղծել: Էլ չեմ խոսում այլընտրանքային մեր գործընկերների մասին, ովքեր այս ամիսների ընթացքում փայլեցին անձնական կարծիքների բազմությամբ»,- մասնավորեցրեց նա՝ ևս մեկ անգամ պնդելով, որ անկախ նրանից, թե ով կառաջադրվի՝ Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, նրա շանսերը չեն նվազի և պայքարը երկրորդ տեղի համար է գնալու:

Տեսանյութեր

Լրահոս