«Գաղափարից դեպի շուկա» մրցույթում հաղթող 15.000 դոլարի դրամաշնորհ ստացած թիմերն արդեն հայտնի են
Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել 5 թիմեր, որոնցից յուրաքանչյուրին կտրվի 15000 ԱՄՆ դոլար պարգև, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը:
Հաղթողներն են.
Արտակ Համբարյան՝ Օդափոխանակման ջերմավերականգնող համակարգի մշակումը հայաստանյան պայմաններում օգտագործման համար, Ժոսեֆ Փանոսյան՝ Էլեկտրատաքացվող, թափանցիկ, ածխախնային ծածկույթների վերջնական նախատիպի պատրաստում ապակիների վրա, Գագիկ Մարտոյան՝ Արևի էներգիայով աշխատող օդից ջուր ստանալու գեներատոր, Ալեքսանդր Շաքարյան՝ Microforester, Նարեկ Հայրապետյան՝ Clean H2O գաղափարով:
Նարեկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ստեղծել են մի լուծում, որը հնարավորություն է տալիս ջրի ուսումնասիրություն կատարել ու պարզել ջրի աղտոտվածության աստիճանը:
«Մեր առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս ջրի աղտոտվածությունը որոշել սմարթֆոնի կամ շարժական այլ սարքի անմիջապես ամրացնելով բավական փոքր չափի սարքը, որը հնարավորություն կտա ջրի մասին ռեալ ժամանակի վիճակագրություն ունենալ»,- ասաց Նարեկ Հայրապետյանը:
Ըստ նրա՝ ջրի որակի ստուգման սարքեր ներկայում կան, սակայն իրենց ստեղծածը կլինի գնային առումով ավելի մատչելի՝ մոտ 200 դոլար և չափերով փոքր, հետևաբար և ավելի հարմար: Ն. Հայրապետյանը նշում է, որ ստացած գումարով իրենք բիզնես մոդելների տեստավորում և սարքի զարգացում կիրականացնեն, այլ հասցնելով մինչև շուկա մտնելու մոդելի:
Մեկ այլ հաղթող թիմի ներկայացուցիչ Արտակ Համբարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկում են էներգաէֆեկտիվ օդափոխման համակարգեր: «Հայաստանում գրեթե բոլորը փոխարինում են իրենց սովորական պատուհանները՝ եվրոպատուհաններով, որոնք ասես փակում են օդափոխությունը: Եթե սովորական փայտից պատուհանները բավականաչափ ճեղքեր ունեն, ինչը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի սենյակում որոշակի օդափոխություն տեղի ունենա՝ ճիշտ է նաև էներգիայի կորուստի հետ մեկտեղ, ապա եվրոպատուհանների պարագայում օդի ֆիլտրացիայի խնդիր կա, մենք առաջարկում ենք հատուկ տեխնոլոգիա, որն ուղղված է հենց նման դեպերում առանց ջերմության կորստի օդափոխություն իրականացնել»,-ասաց Ա. Համբարյանը:
Ըստ նրա՝ նման սարքեր դրսում, օրինակ՝ Գերմանիայում արտադրվում, են, սակայն դրանք բավական թանկ արժեն, երբ ներկրվում են Հայաստան:
Բացի այդ, գերմանական սարքերը նախատեսված են հսկայական շինությունների համար, իսկ իրենց առաջարկն ուղղված է լինելու բնակարանների օդափոխությանը: Այս սարքը կարժենա մոտ 200 եվրո:
Մյուս հաղթող թիմի՝ Microforester-ի, ծրագիրը հնարավորություն կտա ծառ տնկել և գումար վաստակել բջջայինի միջոցով (մանրամասն կարող եք կարդալ այստեղ):Դրամաշնորհը, ըստ Microforester-ի թիմի ղեկավար Ալեքսանդր Շաքարյանի՝ հնարավորություն կտա զարգացնել ծրագիրը և արդեն գարնանը պատրաստի ծրագիրը ունենալ, որի միջոցով մարդիկ կկարողանան գումար վաստակել:
Նշենք, որ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող դրամաշնորհային մրցույթը և դրան նախորդող Վենչուրային կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և ԱՄՆ «Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի» կողմից: