«Ինչո՞ւ 100 հազարավոր շարքային քաղաքացիներ իրավունք պետք է չունենան քվեարկելու»
«Կարծում եմ, որ սա հերթական անօրինական և ոչ սահմանադրական մոտեցումն էր»,- այսօր մամուլի ասուլիսում՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ԱԺ մեծամասնության կողմից նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալումը, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նաև հավելեց. «Բայց պիտի ավելին ասեմ: Անգամ առաջակվող փոփոխությունները օրենսգրքում (խոսքն Ընտրական օրենսգրքի մասին է.- Ա.Ս.), իմ կարծիքով, ամբողջական չէին: Եվ այստեղ մենք ունենք տարբեր տեսակետներ: Այնտեղ խոսք գնում էր ցուցակները կրճատելու վերաբերյալ, իսկ ես` գոնե որպես անհատ, ունեմ հակառակ տեսակետ. պետք է լինի մեկ տեսակի ՀՀ քաղաքացի: Այն մարդն, ով ՀՀ քաղաքացի է՝ պետք է չբաժանվի կատեգորիաներով»:
Րաֆֆի Հովհաննիսյանն մասնավորապես մատնանշեց արտերկրում ապրող, բայց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին:
«Եթե Մոսկվայում կամ Լոս Անջելեսում ապրող դիվանագետը կամ բիզնեսմենն իրավունք ունի մտնել Հայաստանի տարածք համարվող դեսպանություն կամ հյուպատոսարան և քվեարկել, ինչո՞ւ 100 հազարավոր շարքային քաղաքացիներ իրավունք պետք է չունենան: Այդ իրավունքը պետք է տարածվի կա´մ բոլորի, կա´մ ոչ ոքի վրա»,- ասաց նա:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի` Սահմանադրական դատարանը պետք է դիտարկի ոչ միայն վերոհիշյալ հարցը, այլև այն, թե արդյոք սահամանադրակա՞ն է, որ ՀՀ քաղաքացիների մեջ կարող են լինել արտոնություններ կամ տարբեր իրավունքներ:
«Կամ՝ այդ 600-700 հազար ընտրողները պետք է կարողանան մասնակցել, կամ՝ ոչ մեկը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնությամբ Քրեական և Ընտրական օրենսգրքերում փոփոխություններ իրականացնելու նպատակով հրավիրվել էր արտահերթ նիստ, որին չներկայացան Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական», ինչպես նաև «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգմավորները` այդ կերպ չապահովելով քվորում: