ՀԱԿ-ը բողոքի ակցիա կանցկացնի ԱԺ-ի դիմաց
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հրավիրել էր մամուլի ասուլիս՝ վաղը կայանալիք կամ, ինչպես ինքն արտահայտվեց, «ավելի ճիշտ` չկայանալիք» արտահերթ նիստի վերաբերյալ` Քրեական և Ընտրական օրենսգրքերում փոփոխություններ իրականացնելու հարցի կապակցությամբ:
Լ.Զուրաբյանն ասաց, որ վերջին 15-20 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը, օգտագործելով սահմանադրության 70-րդ հոդվածը, կարողացել է հրավիրել արտահերթ նիստ` «շատ կոնկրետ` ընտրական համակարգի արմատական վերափոխման օրակարգով»:
«Սա շատ լուրջ շանս է այդ գործը կատարելու,- ասաց նա,- Հարցի շուրջ կայացել է պառլամենտական լրջագույն համախմբում. խորհրդարանի ուժերից 4-ը միավորվել են ընտրական համակարգի արմատական վերափոխման փաթեթի շուրջ: Բացի փաթեթի հեղինակ Կոնգրեսից, դրան են միացել ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ներառյալ՝ նաև «Ազատ դեմոկրատները»»:
Ըստ ՀԱԿ համակարգողի` հարցի շուրջ կա նաև հասարակական համախմբում. «Հայտարարություն է արվել, որը ստորագրվել է մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից` «Իրավունքի Եվրոպա միավորում», Հելսինկյան քաղաքական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, »Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Trancparancy Internetional» հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպություն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե: Բոլորը շատ լուրջ կազմակերպություններ են»:
Զուրաբյանի խոսքերով` հասարակական այս պահանջին աջակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, դիմադրում է միայն Հանրապետական կուսակցությունը:
Իսկ «Օրինաց Երկի՞րը»,- նկատեցին լրագրողները: «Դե, հիմա ուզում եք՝ էլի՞ հիշեցնեմ անատոմիան»,- պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը: «ՀՀԿ-ն ասում է, որ չի ներկայանա արտահերթ նիստի, որովհետև սա համարում է պրոպագանդիստական տրյուկ: Լավ, այդ դեպքում ես ուզում եմ այդ հարգարժաններին հարցնել. ԵԽ ԽՎ-ն էլ է զբաղվում պրոպագանդայով, ԵԱՀԿ-ն է՞լ»:
ՀԱԿ համակարգողը նշեց նաև այս հարցի վերաբերյալ կառավարության և ԱԺ աշխատակազմի եզրակացության մասին, ըստ որի՝ վերոհիշյալ ուժերի առաջարկած փոփոխություններում զինծառայողների մասնակցության սահմանափակումը դիտվում է որպես հակասահմանադրական, և ընտրացուցակների հրապարակումը հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին: Այս կապակցությամբ Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են գնալ փոխզիջման ՀՀԿ-ի հետ: Նա նաև նշեց իշխանության կողմից իրենց առաջարկած դրույթներից մեկը հակասահմանադրական ճանաչելու մասին. «Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ, եթե ինչ-որ մեկն այսօր ունի հակասահմանադրական կեցվածք, դա ՀՀԿ-ն է»: Որպես իր խոսքերի հաստատում` Լ.Զուրաբյանը կարդաց ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածը, ըստ որի՝ արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդարանի 1/3-րդ-ի պահանջով, և դա ընդդիմությանը տալիս է հնարավորություն՝ նախաձեռնել ցանկացած հարցի քննարկում, անգամ, եթե մեծամասնությունը համաձայն չէ: «Եթե ՀՀԿ-ն, կառչելով քվորումի բացակայությունից, տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է սահմանադրությունը»:
Վերջում Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Վաղը`ժամը 2-ին, ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված շահագրգիռ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ԱԺ, որտեղ կփորձենք հասնել մեր նպատակին»:
Լրագրողներից մեկը հարցրեց`եթե, այնուամենայնիվ, արտահերթ նիստը կայանա, և ընտրական փոփոխությունները լինեն, կճանաչե՞ք ընտրությունների լեգիտիմությունը, ինչին ի պատասխան՝ Զուրաբյանն ասաց.
«Եթե լինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, բայց հետո տանկերով գրավեն ընտրական տեղամասը կամ բռնի ուժով ինչ-որ մեկին հաստատեն իշխանության, դուք դա տրամաբանական կհամարե՞ք»: