Երեք տարվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ է դարձել 70 հազար մարդ
2009-2011թթ. ընթացքում մոտ 70 հազար հայաստանցիներ դարձել են ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, չնայած 2011թ.-ին 2010թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն թե՛ աղքատության մակարդակը, թե՛ դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են 2008թ.-ի ցուցանիշներին. «Ի տարբերություն նախորդ երկու տարիներին փաստագրված աղքատության մակարդակի աճի, 2011թ.-ին արձանագրվեց աճի դադարեցում: 2011թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 35.0%, ինչը մի փոքր ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (35.8%)»:
2011թ.-ին բնակչության ավելի քան ամեն երրորդը՝ 35.0%-ը, եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`19.9%-ը` շատ աղքատ, իսկ նրանց թվում 3.7%-ը`ծայրահեղ աղքատ: Նախորդ երեք (2009-2011թթ.) տարիների ընթացքում մոտ 250 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 1.1 մլն (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 240 հազարը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ, որոնց թվաքանակը կազմել է 650 հազար: Միայն երեք տարիների ընթացքում մոտ 70 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար: