Բաժիններ՝

Քննադատության պակաս չենք զգում. Տիգրան Սարգսյան

Մեր նման հասարակություններում տեղեկատվությունը հանրությանը հասցնելու հիմնակա միջոցը քննադատությունն է: Ինչպես տեղեկացնում է news.am-ը, այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովում: «Այսօր պակաս չենք զգում մեր հայեցակարգի քննադատության, պետք է օգտվենք դրանից, քանի որ քննադատները փորձում են բացահայտել թույլ կողմերը»,- ասել է Տ. Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումները ամնեաբարդերի թվին են պատկանում, քանի որ առնչվում են հասարակության բոլոր ինստիտուտներին, պահանջում են երբեմն արմատական փոփոխություններ; Առաջին անգամ 8 տարի առաջ հանրությանը ներկայացվեց կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը, սակայն, ըստ Տ. Սարգսյանի, հասարակության իրազեկման մակարդակը դեռեւս բավարար չէ, թեեւ հատուկ կենտրոն է ստեղծված այդ նպատակով: «Ունենք մոդելներ, որ թույլ են տալիս տարբեր սիմուլյացիաներ օգտագործել եւ դուրս գալ առավել օպտիմալ տարբերակի վրա; Բայց դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ հանրությունը եւս ծանոոթ լինի եւ մասնակից դառնա»,-նշեց Տ. Սարգսյանը;

Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը 2014 թ. հունվարի 1-ից այլընտրանք չունի: Հանրապետությունում ձեւավորվել է այնպիսի դեմոգրաֆիական վիճակ, երբ տարեցտարի ավելանում է աշխատողների վրա ընկնող բեռը, 3 աշխատողին 1 կենսաթոշակառու է բաժին ընկնում: «Դա լուրջ բեռ է եւ լուրջ խոչընդոտ, բիզնեսը դառնալու է խիստ ծախսատար եւ կորցնելու է իր գրավչությունը»,- նշեց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ բոլոր պետություններում առկա է այդ հիմնախնդիրը, սակայն կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կամ սոցիալական ծրագրերը կրճատելու քայլերը ավելորդ լարվածություն են ստեղծում:

Հայաստանում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների հիմնական սկզբունքն է՝ աշխատող ցանկացած քաղաքացի պետության հետ միասին պատասխանաատվություն է կրում իր բարեկեցիկ ծերության համար: Հետեւաբար, ըստ Տ. Սարգսյանի, ճիշտ չեն այն քննադատությունները, իբր պետությունը «ձեռքերը լվանալու է» մարդկանց կենսաթոշակային ապահովությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս