Տեսուչը մեղադրվում է 26 կենսաթոշակառուների թոշակները հափշտակելու մեջ
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանի մասով նախաքննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանը, օժտված լինելով կենսաթոշակի վճարման լիազորություններով, ստորագրությունները կեղծելու միջոցով կատարել է ելքագրումներ: Մասնավորապես` ըստ նախաքննական մարմնի` Ա. Վարդանյանը, տեղեկանալով, որ որոշ թվով կենսաթոշակառուներ հանրապետությունից բացակայում են կամ մահացած են և որ նրանց մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է, վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանց անվամբ 2005-2010թթ. ընթացքում ելքագրել է 4 417 871 դրամ կենսաթոշակների գումարներ եւ յուրացրել` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: