Ադրբեջանը լավ կանի, եթե առաջինը ճանաչի ԼՂՀ-ն. Բաքվում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան Բաքվում «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) գլխավոր ասամբլեայի շրջանակներում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը լավ կաներ, եթե առաջինը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին փոխանցում է tert.am-ը:

Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին՝ Հովհաննիսյանը մասնավորապես, ասել է. «Ես կարծում եմ՝ բոլոր պետությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է հարգվի: Բոլորն էլ նոր պետություններ են, Ադրբեջանը նոր պետություն է, և ես կարծում եմ՝ հետխորհրդային տարածքներում դեռևս հարցական է, թե որն է տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության ասվածը»,– ասել է նա:

«Ըստ իս՝ սա խաղաղության գործընթացի մաս է, սակայն ինձ համար շատ պարզ է, որ անկախ նրանից հին է, թե նոր, ճանաչված, թե չճանաչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի ճանաչման իրավունք: Ադրբեջանը շատ լավ կլինի, եթե առաջինը ճանաչի (ԼՂՀ-ն- Tert.am)»,- ասել է Հովհաննիսյանը և ընդգծել է, որ հասկանում է, որ այն բարդ հարց է:

Խոսելով փախստականների մասին՝ Հովհաննիսյանն ասել է, որ «բոլոր ազգությունների բոլոր փախստականները պետք է իրավունք ունենան՝ վերադառնալ իրենց նախնիների հողերը»՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան և Թուրքիա: Սակայն նման վերադարձն ապահովելու համար «նոր միջավայր» է հարկավոր:

Այս համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է «նախագահական մակարդակով հարևան հանրապետության մասին նվաստացուցիչ ձևերով խոսելու» և «քսենոֆոբիայի» անթույլատրելիությունը:

Նա ասել է նաև, որ «բոլորս ապրում ենք մեր իրականության մեջ», սակայն եթե լուծում ենք ուզում, ապա դրա համար մեզ հարկավոր է «երկխոսության համար անհրաժեշտ նոր չափորոշիչ»:

Առհասարակ որպես իր այցի նպատակ Հովհանիսյանը նշել է նոր «ուղիների որոնումը»: Նա ասել է նաև, որ հույս ունի հանդիպել Բաքվում դեռևս մնացող մի քանի հազար հայերի հետ և այցելել հայկական եկեղեցիներ:

Տեսանյութեր

Լրահոս