Ստյոպա Սաֆարյանը պահանջում է չեղյալ ճանաչել Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ թիվ 1 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, թույլ է տալիս Ընտական օրենսգրքի կոպիտ խախտումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Վերջինիս անդրադարձավ թիվ 1 ընտրատարածքների ընտրողների ցուցակներին: Սաֆարյանը նշեց, որ եթե բնակչությունն ամբողջ հանրապետությունում նվազում է, ընտրողների թիվը այդ պատճառով ավելանալ չի կարող: Մինչդեռ, նրա պնդմամբ, թիվ 1 ընտրատարածքում 2007 թվականի համեմատությամբ, ընտրողների թիվն ավելացել է 8000-ով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սաֆարյանը դիմել էր Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն՝ պահանջելով  թիվ 1 ընտրատարածքի, ինչպես նաև ամբողջ հանրապետության ընտրողների ցուցակները: Սակայն, ինչպես հայտնեց Սաֆարյանը, Ոստիկանությունը այսօր մերժել է տրամադրել հանրապետության ընտրողների ցուցակը՝ պատճառաբանելով, թե տրամադրել է ԿԸՀ-ին, իսկ թիվ 1 տնտրատարածքի ընտրողների ցուցակը նա կստանա այսօր, որից հետ, Սաֆարյանը պատրաստվում է այցելել բոլոր հասցեները և ճշտել, թե իրականում քանի մարդ է բնակվում յուրաքանչյուր բնակարանում:

«Ես կոչ եմ անում ոստիկանությանը թույլ տալ, իմ թիմի մարդկանցով մաքրել ընտրացուցակները: Ես պնդում եմ, որ ընտրատարածքի ընտրողների ցուցակներն ուռճացված են»,- ընդգծեց նա:

Սաֆարյանը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ական թեկնածուի շտաբերի թիվը գերազանցում է «Ընտրական օրենսգրքով» նախատեսված առավելագույն 35-ը, որոնց մի մասիը չեն էլ գործում:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, պատգամավորության թեկնածուն վստահեցրեց, որ այս քարոզաշավը նախորդի համեմատ` անցնում է հանգիստ մթնոլորտում՝ առանց որևէ միջադեպի կամ բախման:

«Պիտի ասեմ, որ ոստիկանները լավ են կատարում իրենց պարտականությունները: Նախընտրական հանդիպումներին հեռվից են հետևում: Ի դեպ, հանդիպումներիս ականատես են նաև Ավան համայնքի փոխթաղապետը: Չգիտեմ, թե ի՞նչ նպատակով` կամ ընտրողներին են իրեն փորձում սթափեցնել կամ… Քարոզարշավի ընթացքը թույլ է տալիս հավատալ, որ ընտրություններում հաղթելու շանսեր ունեմ»,- շեշտեց Սաֆարյանը:

Հաշվի առնելով մրցակցի կողմից իրականացրած խախտումները, Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ պատրաստվում է դիմել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով:

Տեսանյութեր

Լրահոս