Յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե հնարավոր չէ այսօր ոչ բացառել և ոչ էլ հաստատել, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով:

«Նկատելի է, որ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռևս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր են փոխզիջումներ՝ մյուս կուսակցության թեկնածուին սատարելու տեսքով: Ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն։ Թե ինչո՞վ կավարտվի սա՝ կտեսնենք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ միասնական թեկնածուվ հանդես գալն ունի դրական կողմեր:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ծավալված քաղաքական կոնսուլտացիաներին, և իշխանական կողմից հնչող տեսակետներին, թե դրանք նախընտրական բեմականացում են` Սաֆարյանը նկատեց, թե մեծ հաշվով Հայաստանում ամեն ինչ կարելի է բեմականացում համարել, բայց չպետք է այդ բեմականացումներից դուրս դիտել սեփական բեմականացումները.

«Եթե դա լուրջ պրոցես չէ, ապա ինչո՞ւ է սրա շուրջ անհանգստությունն այդքան լուրջ: Եթե անլուրջ է, վերաբերմունքն էլ անլուրջ պետք է լինի: Իրականում՝ որքան էլ հայտարարում են, թե բեմականացում է՝ տեսանելի է , որ ՀՀԿ-ն այս գործընթացին չի նայում բեմականացման ականատեսի տեսանկյունից»:

Ս. Սաֆարյանը նաև հավելեց, թե իշխող կուսակցությունն ընդդիության հետ երկխոսելու առիթ ուներ, սակայն բոյկոտեց` նկատելով, թե չի կարելի տարվա մեջ երկխոսության օրեր կամ շաբաթներ հայտարարել, այլ՝ անհրաժեշտության դեպքում, բարձրացվող հարցերին պետք է փաստարկներով և ոչ թե կեցվածքով հակադարձել:

Տեսանյութեր

Լրահոս