1+1+1…

Ինչպես և սպասվում էր, երեկ Ազգային ժողովում տապալվեց ՀԱԿ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը: Իշխանությունը` մեխանիկորեն, «կացնային ձևով» ուղղակի քվորում չապահովեց` հերթական անգամ ապացուցելով իր ապաքաղաքական բնույթը: Հակառակ դեպքում իշխական պատգամավորները ոչ միայն կգրանցվեին, այլ նաև իրենց ելույթներով կփորձեին հիմնավորել, թե ինչու են դեմ արտահայտվում ընտրությունների օրինականության բարձրացմանն ուղղված նախաձեռնությանը:

Սակայն երեկ արձանագրվեց ևս մեկ կարևոր իրողություն: Հայ ազգային կոնգրեսը հունիսյան հանրահավաքից հետո ԱԺ դարպասների առջև առաջին անգամ կազմակերպել էր բողոքի ակցիա, որի նպատակն էր` ճնշում գործադրել ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական պատգամավորների վրա, որպեսզի նրանք գրանցվեն արտահերթ նստաշրջանում: Աննախադեպ էր, սակայն, ոչ թե իշխանական պատգամավորների` ճնշումներին չենթարկվելու փաստը, այլ ճնշում գործադրողների քանակն ու ելույթ ունեցողների քաղաքական պատկանելությունը:

Բողոքի ակցիային մասնակցում էր շուրջ 200 մարդ, ովքեր ծափահարում էին Լևոն Զուրաբյանին ու Վարդան Օսկանյանին, Նաիրա Զոհրաբյանին ու Արամ Մանուկյանին: Նրանց միասնությանը չխանգարեց անգամ այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցները վանկակում էին` «Լևոն նախագահ», իսկ Նաիրա Զոհրաբյանը` «Գագիկ Ծառուկյան»: Դրանք «տեխնիկական անհամաձայնություններ» են, որոնք կքննարկվեն և կլուծվեն ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ փուլում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս