Մնում է՝ կարթի ու ձկան տեղն էլ ցույց տան
«Եթե մարդը գտնվում է կարիքի մեջ, ապա երկու ճանապարհ կա նրա խնդիրները լուծելու. կամ դուք նրան պարբերաբար ձուկ եք տալիս, կամ նրան կարթ եք տալիս և սովորեցնում եք ձուկ բռնել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Վերջինս նախ՝ նշել է, որ Ազգային ժողովում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն անցել են մասնագիտական բավականին բարձր մակարդակով։ Այնուհետև պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա ակնկալվող 6.2 տոկոս տնտեսական աճը (որը նախատեսված է բյուջեով) շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, պատգամավորն ասել է. «Եթե մարդը գտնվում է կարիքի մեջ, ապա երկու ճանապարհ կա նրա խնդիրները լուծելու. կամ դուք նրան պարբերաբար ձուկ եք տալիս, կամ նրան կարթ եք տալիս և սովորեցնում եք ձուկ բռնել: Երկրորդ ճանապարհը հեշտ չէ, բայց միակ արդյունավետն է, որովհետև ապահովում է արժանապատիվ կյանք և ապահովում է մարդու ինքնավստահ կեցվածքը: Նա այլևս կախված չի լինելու կառավարության որոշումներից, և ինքն է հոգալու իր խնդիրների լուծումը: Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա հնարավորություն ինքնուրույն լուծելու իր սոցիալական խնդիրները: Իսկ պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»:
Գ. Մինասյանի այս պատկերավոր պատասխանից ենթադրվում է, որ պետությունը ձուկ չի տալիս, բայց կարթ է տալիս ու սովորեցնում։ Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ բյուջեում (և ոչ միայն բյուջեում) ոչ կարթն է երևում, ոչ ձուկը, ոչ էլ ձուկ բռնելու տեղը։ Փոխարենը՝ երևում է միայն այն, որ պետությունն իր գլխավոր գործառույթը սկսել է համարել ոչ թե սեփական քաղաքացիների բարեկեցության ապահովումը, այլ՝ բոլորին ինչ-որ բան սովորեցնելը։ Հատկապես՝ կենդանական աշխարհի մասով (հիշեցնենք, որ այդ գործելաոճի սկիզբը դրեց վարչապետը՝ գյուղացիներին ծանոթացնելով կով կթելու նրբություններին)։
Բյուջե-2013-ի վերաբերյալ Գ. Մինասյանը նաև կարծիք է հայտնել, որ այն բավականին հավասարակշռված է, պատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առջև, հաշվի է առնում միջազգային ոչ բարենպաստ տնտեսական զարգացման հեռանկարները և «միաժամանակ, ապահովում է դինամիկ զարգացում մեր արդյունաբերության և գյուղատնտեսության համար»:
Մինչդեռ «դինամիկ զարգացում» ապահովող որևէ առանձնահատուկ բան այս բյուջեում չի երևում։ Միգուցե կառավարությունը, կարթից բացի, նաև խոշորացույց տրամադրի բնակչությանը և սովորեցնի՝ ինչպես տեսնել այն բաները, որոնք տեսանելի են միայն կառավարական կաբինետներից։