Անվտանգության արհամարհված բաղադրիչը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող առաջին խնդիրը ռազմական անվտանգության ապահովումն է: Պետությունը պետք է իր ռազմական և քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը` երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը սոցիալական և դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

Առաջին մասով չենք վիճի՝ կասկածի տակ չդնելով մեր բանակի ուժն ու մարտունակությունը։ Սակայն մյուս առումներով ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Օրինակ, հենց դեմոգրաֆիական անվտանգության մասով։

Հենց այսօր 168.am-ում անդրադարձել ենք արտագաղթի խնդրին։ Դրանից մեծ վտանգ դեմոգրաֆիական անվտանգությանը դժվար է պատկերացնել։ Կամ՝ այս օրերին քննարկվում է 2013թ. բյուջեն, որը կանխատեսում է գնաճ, սակայն չի նախատեսում մարդկանց եկամուտների բարձրացում։ Սա էլ՝ սոցիալական անվտանգությանը սպառնացող վտանգ է։ Սոցիալական վտանգ է նաև եկամուտների խիստ բևեռացումը, աղքատության մակարդակի բարձրացումը և այլն։ Տնտեսական անվտանգության մասին խոսելն էլ աբսուրդ է։

Կարդացեք նաև

Երկրի տնտեսությունը կախված է հանքարդյունաբերության ոլորտից և օտարերկրյա դրամական փոխանցումներից։ Էներգետիկ անվտանգություն՝ որպես այդպիսին, չկա, քանի որ դրա հիմնական բաղադրիչը էներգակիրների մատակարարման ուղիների   դիվերսիֆիկացումն է, կախվածության թուլացումը մեկ աղբյուրից։ Իսկ մենք, հայտնի է, թե որքան «անկախ» ենք այդ հարցում։

Կարճ ասած՝ Ա. Բաղդասարյանի նշած բոլոր վտանգներն առկա են։ Ավելին՝ այդ վտանգները վերջին տարիներին ոչ թե թուլացել են, այլ ավելի հստակ են սկսել ուրվագծվել։ Ու այնպիսի տպավորություն է, որ Ազգային անվտանգության խորհրդի դերը ոչ թե այդ վտանգները կանխատեսելն ու կանխարգելելն է (կամ թուլացնելը), այլ պարզապես այդ վտանգների մասին խոսելը։

Իսկ խոսելիս, ի դեպ, անվտանգության վերը նշված երեք բաղադրիչներից բացի, հարկավոր է խոսել նաև չորրորդ բաղադրիչի մասին՝ բարոյահոգեբանական անվտանգության։ Այն, կարելի է ասել, անվտանգության ամենակարևոր բաղադրիչն է, որից ինչ-որ տեղ կախված են մյուս բաղադրիչները։ Սակայն, ցավոք սրտի, դրա վիճակն ամենախայտառակն է։

Տեսանյութեր

Լրահոս