Սեդա Մուրադյանն ու Պետրոս Ղազարյանը 200-ական մագնիս ունեն
Լրագրող, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Սեդա Մուրադյանը դեռևս 2006 թվականից սկսել է տարբեր երկրներից պատկերազարդ մագնիսներ հավաքել: Այս պահի դրությամբ նա ունի 200-ից ավելի մագնիս: 168.am-ի հետ զրույցում Սեդան ասաց, որ բոլոր մագնիսները կապված են իր ճամփորդությունների հետ. «Որ երկրներում եղել եմ` ինքս եմ բերել, որտեղ էլ որ չեմ եղել` ընկերներս են բերել, և տեղը լրացրել եմ»:
Սեդայի հավաքածուի մաս կազմող մագնիսները բերված են աշխարհի ամենատարբեր վայրերից՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ԱՄՆ-ի մի շարք նահանգներից. «Երբ որևէ երկրում թանգարան եմ այցելում, անպայման այնտեղից մի մագնիս բերում եմ: Շատ եմ սիրում ֆոտոներ անել, բայց միշտ չէ, որ դրանք աչքիդ առջև են լինում, իսկ մագնիսները միշտ աչքիդ առջև են և տարբեր հիշողություններ են արթնացնում: Մագնիսները, երևի թե, ճամփորդությունները վերհիշելու և չմոռանալու համար են»:
Մեր այն հարցին, թե որ մագնիսն է առավել շատ սիրում իր հավաքածուից, Սեդան պատասխանեց, որ շատ է սիրում հատկապես իսպանական հավաքածուն, որ Իսպանիայի տարբեր քաղաքներից իր հարազատ մարդիկ են բերել:
Առաջին մագնիսը Սեդան ձեռք է բերել Ստամբուլից: Այն իրենից ներկայացնում է կավե մի խորանարդ, որի վրա կակաչներ են նկարված: Իսկ վերջին ձեռք բերած մագնիսն Իսպանիայից է, որի վրա պարուհի է պատկերված: «Այժմ էլ, երբ այցելում եմ որևէ երկիր, մագնիս գնելը չգրված օրենք է դարձել»,- ասում է Սեդան: Ի դեպ, Սեդան մագնիսներ հավաքելու գործում վարակել է նաև իր ծնողներին:
Տարբեր երկրներ խորհրդանշող պատկերազարդ մագնիսներ է հավաքում նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը: Նա իր հավաքածուում ունի թվով մոտ 200 հատ մագնիս, որոնք բերված են աշխարհի ամենատարբեր ծայրերից. «Թերևս, բացի Աֆրիկայից, մնացած բոլոր վայրերից մագնիսներ ունեմ: Նրանց 80%-ը ես եմ բերել»: Նա նաև էջանիշերի հավաքածու ունի, որին առավել մեծ ուշադրություն է դարձնում. «Շատ տարբեր և հետաքրքիր էջանիշեր ունեմ: Նրանք հետաքրքիր աուրա են ստեղծում»: Մեր այն հարցին, թե որքան ժամանակ է պլանավորել էջանիշեր հավաքել, Պետրոսը պատասխանեց. «Ինչքան արտասահման գնամ, այնքան էլ կհավաքեմ. մինչև կյանքիս վերջ»: