
Լացը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա

Լացն օգնում է լավացնել ինքնազգացողությունն ու բարերար ազդեցություն է ունենում առողջության վրա: Ինչպես գրում է «Аргументы и факты»-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, ովքեր պնդում են, որ լացը բարձրացրել է մարդկանց 88,8 տոկոսի ինքնազգացողությունը: Արցունքների միջոցով նրանք նվազեցրել են լարվածության ու ատելության զգացողությունը:
«Аргументы и факты»-ն նշում է, որ տղամարդիկ սովոր են չարտահայտել իրենց էմոցիաները, չարտասվել ստերեոտիպերի պատճառով, սակայն լացն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որն օգնում է նվազեցնել ցավի զգացողությունն ու դուրս գալ սթրեսից: Արցունքները պարունակում են պրոլակտին հորմոնը, որն օգնում է նվազեցնել լարվածությունն (երբ մարդն արտասվում է, նրա շնչառությունն ավելի խորն է լինում, ինչն էլ նպաստում է լարվածության նվազմանը) ու ամրացնում է իմունային համակարգը: Կանանց մոտ այս հորմոնն ավելի շատ է պարունակվում, քան տղամարդկանց մոտ: Հղիության ընթացքում դրա մակարդակը կնոջ օրգանիզմում ավելի է բարձրանում. սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ հղիության ընթացքում կանայք ավելի շատ են արտասվում: