ԲՀԿ առաջարկը համահունչ չէ ՕԵԿ որդեգրած քաղաքական կուրսին. ՕԵԿ
«Օրինաց երկիր» կուսակությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:
«Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումներով հանդես եկան ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը:
Անդրադառնալով ՕԵԿ միջազգային գործունությանը` կուսակցության քաղաքական խորհուրդը հավանություն տվեց ՕԵԿ երիտասարդական միության` ԵԺԿ-ի երիտասարդական միությանը անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրին, հանաձայն որի` 2013թ. ՕԵԿ Երիտասարդական միությունը մաս կկազմի միջազգային երիտասարդական այդ հեղինակավոր կառույցին:
Մհեր Շահգելդյանը ներկայացրեց նաև նոյեմբերի 30-ին Երևանում կայանալիք ԵԺԿ գագաթաժողովին ՕԵԿ մասնակցության առընչվող խնդիրները, ինչի կապակցությամբ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշեց.
-Քաղաքական դաշտում այսուհետ ևս հանդես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տվեց տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:
Հավատարիմ իր քաղաքական կուրսին և մինչ այժմ գործադրած ջանքերին, կարևորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:
ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ և ժողովրդավարական իշխանություն»,- ասված է հաղորդագրության մեջ: