Բաժիններ՝

Նույնականացման քարտերի համար հերթեր են գոյացել

Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտել նոր` կենսաչափական անձնագրերը, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով նույնականացման քարտերը: Ըստ Երևանի Կենտրոնի անձնագրային բաժանմունքի աշխատակցի՝ «Էլեկտրոնային կրիչը, բացի քարտի մակերևույթին առկա անհատական տվյալներից, պարունակելու է անհատական տվյալների պաշտպանության կրիպտոգրաֆիկ բանալի, որը պատասխանատու է տվյալների ապահովության համար, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրության հավաստագիր:

Դրա միջոցով քաղաքացին կարող է համացանց մուտք գործելով՝ էլեկտրոնային համապատասխան սարքերի օգնությամբ իր ստորագրությունը դնել դիմումների տակ, որով պետական մարմինն արդեն կհավաստիանա, որ ստորագրողը հենց այն անձնավորությունն է, որին պատկանում է նույնականացման քարտը»:

Անձնագրային բաժանմունքի մեկ այլ աշխատակից մեզ ծանոթացրեց գնացուցակին. «Կենսաչափական անձնագիրն արժե 25000 դրամ՝ դա պարտադիր պետտուրքի վճարն է, նույնականացման քարտը՝ 3000 դրամ (սակայն քաղաքացիները նաև վճարում են 3X4 չափի լուսանկարի համար՝ ևս 300 դրամ գումար.- Ե.Կ.), իսկ ներկայիս անձնագրի համար սահմանված պետական տուրքի չափը մնացել է անփոփոխ՝ 1000 դրամ»:

Անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են գոյացել: Քաղաքացիները դժգոհում են սպասարկումից և ամենօրյա հերթերից: Նույնականացման քարտ ստանալու համար դիմած մի քաղաքացի, ով սպասում էր իր հերթին, մեզ հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց քարտերի կապակցությամբ. «Դե լավ է, որ նոր քարտեր են տալու, համ էլ մեր սոցիալական քարտերn արդեն նենց էին մաշվել, որ լրիվ թափելու էին, իսկ այս քարտերը, ոնց հասկանում եմ, պլաստիկ են ու արագ չեն մաշվի, բայց դե, վատն էլ էն ա, որ մատնահետքեր են վերցնում, ու էլի մի քանի բան կա: Լրիվ ոնց որ ռոբոտ լինենք»:

Մեր այն հարցին, թե այսօր լրացնելով համապատասխան հայտերը և վճարելով բոլոր պետական տուրքերը, ե՞րբ կկարողանան օգտագործել նոր նույնականացման քարտերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասացին` դեկտեմբերի 7-ին անձնագրով ներկայանամ, որ ստանամ»:

Քաղաքացիներն այս ընթացքում հիմնականում դժգոհում էին անձնագրային բաժանմունքների սպասարկումից և պարտադիր վճարումների չափերից:

Հիշեցնենք, որ համաձայն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի` 2013թ. հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն` էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս