ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը նոյեմբերի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում:
Աշխատանքային այցի առաջին օրը, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող պաշտպանության նախարարության «աշխատանքային խմբի» անդամներին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ-երի գրանցած առաջընթացին և հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Փորձագիտական խմբի անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի ունկնդիրների համար հանդես են եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով:
Այցի ընթացքում փորձագիտական խումբը այցելել է նաև ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր:
Նոյեմբերի 15-ին միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները և առաջարկությունները ՀՀ ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, նախարարի առաջին տեղակալի հետ նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:
ՀՀ պաշտպանության նախարարություն