Բաժիններ՝

Արտաքին պարտքը փակելու են՝ թոշակ չտալու միջոցով. Բագրատյան

«Այս բյուջեի ընդունումն անընդունելի է, այն չի կարող լուծել որևէ խնդիր»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ թոշակը 2013թ. չի բարձրանա, իսկ գները կբարձրանան 5 %-ով:

«Այնքան ծիծաղելի բաներ են անում, որ չեք պատկերացնի: Օրինակ` հայտարարում են, որ 418 մլն դոլար պարտք ունենք փակելու: Հարցնում եմ` դոլարո՞վ է պարտքը փակելու, ասում են` այո: Կուրս դրե՞լ եք բյուջեի մեջ, ասում են` չէ»,- ասաց նա` ավելացնելով, որ քիչ առաջ հանդիպել է լրատվամիջոցներից մեկի տնօրենին  և հարցրել, թե նա կարո՞ղ է  իր մյուս տարվա բյուջեն կազմել՝ առանց փոխարժեք ֆիքսելու: «Պետությունն անում է, ասում է` կարիք չկա կուրսն իմանալու: Բա մենք չիմանա՞նք՝ դրամով ինչքան է, որ բյուջեն ճշգրիտ ասենք: Վեր են կենում, սկսում են մեզ սովորեցնել`բացարձակ ճշմարտություններ չեն լինում, այդպես չէ, այս ամբիոնը մի՛ օգտագործեք նախագահական նպատակներով: Հենց դուք եք օգտագործում»,-իշխանությունների հասցեին ասաց Հ.Բագրատյանը:

Այն հարցին, թե ինչպե՞ս պետք է փակենք արտաքին պարտքը, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Արդեն այս տարի տեսնում ենք. մենք 418 մլն դոլար պարտք ենք փակում, 200 մլն` կառավարությունը, 200 մլն` Կենտրոնական բանկը: Ընդ որում, ԿԲ-ի պարտքն այն պարտքն է, որը վերցրել են 2008-ի վերջին-2009-ի սկզբին՝ կուրսը պահելու համար, որն, ի վերջո, չհաջողվեց, եթե հիշում եք: Փոխանակ դրա համար ԿԲ-ի նախագահին, առաջին տեղակալին կանչեին պատասխանատվության, նույնիսկ՝ քրեական, այսօր մեզ բավական ցինիկ ձևով հայտարարում են, որ թոշակառուն թոշակ չի ստանա: Ինչպե՞ս են փակելու՝ թոշակ չեն տալու, ինչպես այս տարի են անում: Չեն ավելացնելու թոշակները, պակասեցնելու են, կտրելու են մարդկանց բերանից: Ոչ ոք չի ասում` լավ կյանք տվեք, խոսքն այն մասին է, որ վիճակն ավելի չվատթարացնենք: Լավ կյանք չկա, այդ մասին ընդհանրապես խոսք չկա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս