Արարատ գյուղի նորընտիր գյուղապետը խոստանում է մանկապարտեզը վերաբացել երկուշաբթի օրը

Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետ Կարեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե գյուղի մանկապարտեզը հավանաբար կվերսկսի իր աշխատանքները նոյեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ գյուղի մանկապարտեզի աշխատանքները դադարեցվել էին (երեխաները մանկապարտեզ չէին հաճախում, իսկ աշխատակիցներն աշխատանքի էին) մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառով: Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլոկոկ: Սննդամթերքում ևս հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Լաբորատոր շեղումների տվյալները ցույց էին տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

168.am-ի հետ զրույցում մանկապարտեզի վարիչը նշել էր, որ մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների խախտման պատճառը մանկապարտեզում տաք ջրի բացակայությունն է: 168.am-ը փորձեց գյուղապետից ճշտել՝ ինչո՞ւ մանկապարտեզում տաք ջուր չկա:

Ի պատասխան, Կարեն Ղազարյանը նշեց, թե ինքը նորընտիր գյուղապետ է և չգիտի`ինչո՞ւ գյուղի մանկապարտեզում տաք ջուր չկա.  «Ես նորընտիր գյուղապետն եմ, նոր եմ ընտրվել, իմ պարտականություններին նոր եմ անցել`ամսի 12-ին: Այս պահի դրությամբ էլ սանէպիդկայանի աշխատողը մանկապարտեզի վարիչի մոտ է, այդ արդյունքներն ենք քննարկում, տեսնենք`ինչը կարող ենք վերացնել, ինչը կարող ենք կարգավորել: Այս պահին մեզ մոտ է սանէպիդկայանի գլխավոր բժիշկը, քննարկում ենք: Կարծում ենք`այնտեղ հարցեր կան, որ կլուծենք, էլի, լուծելի կլինի: Ես, երկու օր է, ինչ անցել եմ գործի, այս պահին ուսումնասիրում եմ խնդիրը, ու եզրեր ենք գտնելու անպայման, որ լուծվի: Եթե ոչ շուտ, երեխաները երկուշաբթի մանկապարտեզ կգնան լրիվ թերությունները վերացրած վիճակում»:

Հիշեցնենք, որ մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե մանկապարտեզում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուրջ ֆինանսական միջոցներ են պահանջում: Մասնավորապես՝ մանկապարտեզն ապահովված չէ նաև ջեռուցման համակարգով, և այն մինչ օրս ջեռուցվել է ինքնաշեն վառարաններով, ինչն անթույլատրելի է: Թե ինչպե՞ս է նորնտիր գյուղապետը պատրաստվում լուծել այս խնդիրները մինչև երկուշաբթի՝ պարզ չէ: Թերևս, նա իսկապես չի պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս