«Մանկապարտեզի հիգիենիկ կանոնների ու հակահամաճարակային ռեժիմի խախտման պատճառը տաք ջրի բացակայությունն է». մանկապարտեզի վարիչ

Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման պատճառը մանկապարտեզում տաք ջրի բացակայությունն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը. «Ի՞նչ մեկնաբանեմ, եթե անձնակազմը լրիվ ստուգված է եղել, և այնտեղ կան շինարարական խնդիրներ, որ հոսող տաք ջուր պետք է ունենա մանկապարտեզը և չունի դա:

Գլխավոր խնդիրը, պատճառը, ինձ թվում է՝ այդ պայմաններից են, որ տաք ջուրը չկա, որ ավելի արդյունավետ կլինի, քան թե լվացումները սառը ջրով պետք է արվի: Աշխատակազմի անալիզները նորմալ են եկել: Այստեղ երեխաների մրսածությունն էր, բոլորը մրսած երեխաներ էին:  Մի քանիսն էլ անտեղի ավելացան, մեր զուր անհանգստությունը, որ մենք ներկայացրեցինք, մի մեծ թիվ կազմեց այդտեղ՝ 14 երեխա»:

Գայանե Գասպարյանի խոսքով՝ մանկապարտեզում առանձին խմբեր ունեն էլեկտրական թեյնիկներ. «Ես բաժանել եմ խմբերում, բայց դա շատ քիչ է: Իրենք ասում են՝ պետք է մշտական, հոսող տաք ջուր՝ ախտահանման, օճառաջրով լվացման համար: Օճառաջրով լվանում ենք, սառը ջուր ա, հիմա եղանակն էլ ցուրտ է: Ինձ թվում է՝ ավելի շատ պայմաններից է: Չնայած մենք մինչև հիմա աշխատել ենք, այսպիսի բան չէր եղել»:

Գայանե Գասպարյանի հաղորդմամբ՝ մանկապարտեզն այժմ չի շահագործվում. մանկապարտեզի աշխատակիցներն այժմ էլ աշխատում են, բայց երեխաները մանկապարտեզ չեն հաճախում: «Մեզ ներկայացրել է սանէպիդկայանը, թե  ինչ պետք է արվի, որից հետո նոր թույլ տան շահագործել մանկապարտեզը: Ավելի շատ շինարարական խնդիրներ են, դրանք արդեն ներկայացվել են գյուղապետին, պետք է ներկայացվեն մարզպետին, և միասին քննարկումներ արվեն, տեսնենք՝ ինչ չափով կարող են մեզ օգնել: Եթե այդ հարցերը, խնդիրները չլուծվեն, մենք չենք կարող շարունակել աշխատել: Շատ մանր խնդիրներ կային, դրանք լուծվող հարցեր են, արվել է այն ամեն ինչը, որ պետք է մեր կողմից արվի, իսկ հիմնականում շինարարական խնդիրները մեծ ֆինանսների հետ են կապված. դա արդեն մարզպետարանի հետ միասին պետք է լուծվի»,- ասաց Գայանե Գասպարյանը:

Կարդացեք նաև

Նրա հաղորդմամբ՝ մանկապարտեզն ունի նաև ջեռուցման խնդիր. շենքը մասամբ է տաքացվում, հիմնականում՝ ինքնաշեն սարքերով, որոնցով տաքացնել չի թույլատրվում. «Ուրեմն, եթե չի թույլատրվում,  ընդհանուր ջեռուցման հարցն էլ պետք է լուծվի: Դրանք բոլորը ֆինանսների հետ կապված խնդիրներ են: Այս առաջարկությունները, հանձնարարականները մենք ներկայացրել ենք գյուղապետարանին, ու այսպես դեռ սպասում ենք: Իրենք շահագրգռված են օգնելու, բայց թե ինչ ժամանակահատվածում դա կլուծվի՝ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հայտնաբերվել էին մի շարք խախտումներ: Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլոկոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումներն, ըստ Առողջապահության նախարարության, փաստում են այն մասին, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս