Մակլյուրա` թունավոր բուժարարը
Բուժիչ նամակներ
Մակլյուրա նարնջագույնը` Maclura aurantiaca թթազգիների ընտանիքին պատկանող 15-20 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով ծառ է։ Տարեց ծառի բնի կեղևը խորը ճաքճքված է, երիտասարդ ճյուղերը կանաչ են, ընձյուղները` փայլուն դարչնագույն։ Տերևները պարզ են, ամբողջաեզր, ձգված նշտարաձև կամ ձվաձև, սրածայր, կաշվեկերպ փայլուն, մուգ կանաչավուն, 5-12 սմ երկարությամբ և 3-7 սմ լայնությամբ։
Տերևները դասավորված են պարուրաձև` յուրաքանչյուր բողբոջի տակ, տերևածոցերում տեղավորված են մեկական սուր փշեր։ Իգական ծաղիկները տեղավորված են գնդաձև փափուկ (փուխր) ծաղկակալի մեջ, որը ծածկված է երկար մազիկներով։ Ծաղկման շրջանի վերջում ծաղկակալը մեծանում է` առաջացնելով խոշոր, հյութալի, գնդաձև, դեղնա կամ նարնջականաչավուն պտղափթթություն, մակերեսը խորդուբորդ է, ծակոտկեն, կազմված է անկյունավոր կլորավուն բազմաթիվ ընկուզիկներից` պտղիկներից։ Պտղաբույլի տրամագիծը հասնում է 10-15 սմ, հասունանում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Արտաքուստ նման է նարնջի կամ խնձորի, կտրվածքը նման է կիվիի։
Բույսի հայրենիքը ԱՄՆ-ի հարավարևելյան շրջաններն են, մի քանի հարյուրամյակ առաջ բույսը հայտնվել է Հայաստանում։
Լավ է աճում ոչ բերրի, քարքարոտ հողերում, լուսասեր է, ջերմասեր, երաշտադիմացկուն։ Դիմանում է մինչև 20 աստիճան ցրտահարության։ Մակլյուրայի պտուղը թունավոր է, կաթնային հյութի մի քանի կաթիլն առաջացնում է լեզվի թմրածություն, սակայն ունի բուժիչ հատկություններ։
Հասունացած նարնջագույն պտուղը պարունակում է միկրո և մակրոտարրեր, սապոնին, օրգանական թթուններ, ֆլավոններ և իզոֆլավոններ։
Բույսն ունի ուժեղ հակաօքսիդանտ հատկություն. իր հայրենիքում հնագույն ժամանակներից օգտագործվել է հոդաբորբի, հոդատապի բուժման համար, քանի որ ունի տաքացնող հատկություն, ինչի շնորհիվ մեղմացնում է ցավերը։
Բուժիչ նպատակների համար պիտանի են միայն հասունացած, ծառի վրայից քաղած թարմ պտուղները, պտուղը հագեցած է կաթնային հյութով, որը բավականին արագ է գոլորշիանում։
Ընդունված է պատրաստել 10 տոկոսանոց ոգեթուրմ.
- Մանր կտրատած հումքը մեկ ամիս թրմեք օղու մեջ մութ տեղում, պարբերաբար թափահարեք։
Օրը 2-3 անգամ շփեք ցավոտ տեղերը, փաթաթեք տաք շալով կամ դրեք թրջոցներ. առավոտյան և քնելուց առաջ, պահեք 2-3 ժամ։ Թրջոցի համար օգտագործեք քառատակ ծալած թանզիֆ կամ բամբակյա մանվածք, չի՛ կարելի ծածկել պոլիէթիլենային թաղանթով։
Արտաքին օգտագործման համար պատրաստում են նաև ավելի խիտ ոգեթուրմ.
- Մանր կտրատած պտուղը լցրեք ապակե տարայի մեջ և ավելացրեք այնքան օղի, որ 2-3 սմ բարձր լինի հումքից։ Տարան կիպ ծածկեք և 2-3 ամիս թրմեք մութ տեղում։
Մակլյուրայի պտուղներից պատրաստում են նաև ներքին օգտագործման համար նախատեսված ոգեթուրմ, այս դեպքում պետք է թրմել 10-12 ամիս և պարտադիր է` 2-3 օրը մեկ թափահարել կիպ փակված ապակե տարան։
Ոգեթուրմն ամրացնում է իմունային, սիրտ-անոթային և նյարդային համակարգերը, ունի հակավարակային հատկություն, հեռացնում է որոշ թունավոր նյութեր, օգտագործվում է բարորակ ուռուցքների բուժման համար։
Ոգեթուրմով բուժումը երկարատև է և կատարվում է կուրսային` չափաբաժնի հետզհետե ավելացման և հետագա նվազեցման եղանակով։
Առաջին 7 օրը պետք է խմել 3 կաթիլ` 1 թ/գ ջրի հետ, նախաճաշից առաջ։
Երկրորդ շաբաթ- 3-ական կաթիլ` առավոտյան և ճաշից առաջ։
Երրորդ շաբաթ- 3-ական կաթիլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Այնուհետև յուրաքանչյուր շաբաթ չափաբաժինն ավելացնում են 1-ական կաթիլով և, օրինակ, 13-րդ շաբաթվա ընթացքում պետք է խմել 13-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Առավելագույն չափաբաժինը 30-ից բարձր տարիք ունեցող անձանց համար 30-ական կաթիլն է։ 29 տարեկանների համար` 29 կաթիլ` օրը 3 անգամ, 20 տարեկանների համար` 20-ական կաթիլ։
Չափաբաժնի աճման շրջանը 30 շաբաթ է, որից հետո պետք է պակասեցնել այն շաբաթական 1 կաթիլով, մինչև ստացվի 3-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Բուժման ժամկետը 420 օր է, որից հետո հարկավոր է ընդմիջել առնվազն 45 օր։
Ոգեթումի արտաքին օգտագործումից հետո, երբ շփում են հիվանդ մասը, պետք է անմիջապես լվանալ ձեռքերը։
Ոգեթուրմի արտաքին օգտագործման հետ համատեղ կամ կանխարգելիչ նպատակով. խմեք 2 կաթիլ ոգեթուրմ` օրը 1 անգամ` 1 թ/գ ջրի հետ, սնվելուց առաջ։ Շարունակեք 30 օր։
Նման մոտեցումը կիրառում են պոլիարթրիտի, օստեոխոնդրոզի, ռևմատիզմի, ոտնաթաթի ոսկրի գերաճի, ցանկացած տեսակի ճողվածքի բուժման համար։
Մակլյուրայի ոգեթուրմը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։