Բաժիններ՝

ԱՄՀ-ն Doing Business-ին ու ՀՀ կառավարությանը չի հավատում

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակը գնահատում են ՀՆԱ-ի 35%-ից բարձր, որն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։ Այդ մասին նշված է ԱՄՀ-ի կողմից օրերս հրապարակված «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցում։

«Ոչ ֆորմալ (ստվերային) տնտեսության չափումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ակադեմիական շրջանակներում և քաղաքականություն իրականացնողների շրջանում։ Այս երևույթը, որը սովորաբար հաշվարկվում է` որպես ՀՆԱ-ի որոշակի տոկոս, տարածված է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Դրա մասշտաբները տատանվում են 15%-ից (Ուզբեկստանում) մինչև ավելի քան 35% (Հայաստանում)»,- նշվում է զեկույցում։

Փաստորեն, տարածաշրջանում ամենաբարձր ստվերայնությունն ունի Հայաստանը՝ չնայած հայրենի կառավարության հավաստիացումներին, որ ստվերը գնալով կրճատվում է (նկար 1)։

Կարդացեք նաև

 

ԱՄՀ-ի փորձագետները նշում են, որ ի թիվս այլ բացասական հետևանքների, ստվերային պայմաններում աշխատողները չեն օգտվում (կամ չնչին չափով են օգտվում) սոցիալական պաշտպանվածությունից և աշխատանքային այլ արտոնություններից։ Իսկ դա վտանգում է աշխատանքի շուկան։ Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում և Ղրղզըստանում աշխատուժի 58%-ը կենսաթոշակային դաշտից դուրս է գործում։

Սակայն ավելի հետաքրքիր են ստվերայնության պատճառները, որոնք նշում են ԱՄՀ փորձագետները։  Հիմնական պատճառները չորսն են` հարկային բեռը, աշխատուժի շուկայի ոչ բավարար ճկունությունը, ենթակառուցվածքների որակը և ֆինանսական ու ապրանքային շուկաներում ծանր վարչարարության բեռը։ Պարզաբանենք այս վերջին գործոնը։ «Շուկայի ծանրաբեռնող կարգավորումները` բիզնես սկսելու, սեփականություն գրանցելու, շինթույլտվություններ ստանալու գործընթացների տեսքով, ինչպես նաև վարկային շուկայի դժվարությունները (օրինակ՝ ֆինանսական ծառայությունների մատչելիության հարցում) մեծացնում են ստվերային տնտեսության չափերը։ Մյուս կողմից, ցանկացած օրենսդրություն, որն ուղղված է տեղական մրցակցության խթանմանը և մենաշնորհների ազդեցության թուլացմանը, կրճատում է ստվերային տնտեսության ծավալները» ։

Հիմա գանք, թերևս, ամենազարմանալի պնդմանը, որն արել են ԱՄՀ փորձագետները։ Պարզվում է` Հայաստանի ստվերայնության ամենամեծ պատճառը հենց վերը նշվածն է, այլ կերպ ասած` բիզնես միջավայրի որակը (նկար 2)։

Այսինքն՝ բիզնես սկսելու և վարելու համար անհրաժեշտ օրենսդրությունն ու միջավայրը ստվերայնության չափերի հիմնական պատճառն է (մոտ 45%) և համարվում է ավելի լուրջ «ստվերայնացնող» գործոն, քան հարկային բեռն ու աշխատանքի շուկայի ճկունությունը։

Սա  զարմանալի է, որովհետև բոլորովին վերջերս հեղինակավոր Doing Business զեկույցն այլ բան էր ասում։ Հիշեցնենք, որ գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող ամենաթարմ զեկույցում Հայաստանը 18 հորիզոնականով առաջադիմել էր և հայտնվել բիզնեսով զբաղվելու տեսանկյունից ամենահարմար երկրների շարքում` 32-րդ տեղում։

Սա նշանակում է, որ ԱՄՀ-ի փորձագետները կամ չեն հավատում Doing Business-ին, կամ էլ նշված զեկույցը կազմելիս հաշվի չեն առել Հայաստանի թռիչքը։

Վերադառնալով ստվերայնության մակարդակի գնահատականին, հիշեցնենք, որ 35% ստվերի մասին օրեր առաջ հիշատակել էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Սակայն, օրինակ, ՊԵԿ-ը հակված չէ հիմք ընդունել նման ճշգրիտ գնահատականները։ Օրինակ, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, վերջերս պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն է կազմում ստվերայնության մակարդակը Հայաստանում, ասել էր. «Թող մի համարձակ տնտեսագետ կանգնի ու ասի` այսքան է: Չհավատաք իրեն: Այդ պոտենցիալը կարող է փորձագիտական գնահատականի ենթարկվել: Մեկը կասի` 100 մլրդ, մեկը կասի` 200 մլրդ, մեկն` ավելին: Այդ բոլորին կարելի է լսել, եթե իմանաս, թե ինչի հիման վրա է գնահատվել: ՀԲ գնահատականը` 240 մլրդ, գուցե ավելի շատ է, գուցե` քիչ: Այդ թիվը դեռ բավական չի, որ ձեզ որևէ բան հուշի: Մեկ բան ակնհայտ է` կան ոլորտներ, որտեղ կան ստվերային շրջանառություններ, և մենք դրանց հիմնական պատճառները հնչեցրինք` առանց վախենալու»։

Փաստորեն, համարձակ տնտեսագետները, որոնք ստվերայնության թիվ հնչեցրին, ի հայտ եկան ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՀ-ում։

Նշենք, որ ԱՄՀ զեկույցում մի հետաքրքիր դիտարկում էլ կա։ Այն թեպետ ստվերին չի վերաբերում, սակայն պակաս համարձակ չէ։ Այսպես, ըստ նույն զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2012թ. կանխատեսվում է 3.9%, իսկ 2013թ.՝ 4%։ Մինչդեռ հայրենի կառավարությունը պնդում է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք 6% ՀՆԱ-ի աճ, իսկ տարվա վերջի դրությամբ, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի, պետք է ապահովվի 7% աճի ցուցանիշ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս