Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականի և Շախտյորում բրազիլացիների հետ փոխհարաբերությունների մասին

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը, որը նախապատրաստվում է Լիտվայի հետ ընկերական հանդիպմանը, բաց մարզում է անցկացրել Ավանի մարզադպրոցում։ Մարզումից հետո լրագրողների հետ զրուցել է հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին կայանալիք հանդիպումը վերջին խաղը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար, ով հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։

Հենրիխ Մխիթարյանը, մասնավորապես, ասել է, որ շատ բան է սովորել Սարգիս Հովսեփյանից, քանի որ նա եղել է թիմի երկար տարիների ավագը։ Նա հատկապես նշել է Հովսեփյանի բարձր կարգապահությունը։ Մխիթարյանը չի ցանկացել առանձնացնել Սարգիս Հովսեփյանի հետ անցկացրած որևէ խաղ, քանի որ բոլոր խաղերում էլ իրենք միասին պայքարել են մինչև վերջ։ Մխիթարայանը նաև շնորհակալություն հայտնեց Հովսեփյանին 20 տարի հավաքականին նվիրելու համար:

Այն հարցին, թե ինչպես է մեր հավաքականի կիսապաշտպանը գնահատում երկու պարտություններից հետո Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի B խմբից դուրս գալու հնարավորությունները, Մխիթարյանն ասել է. «Նախկինում էլ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիր դրված չի եղել։ Մեր հիմնական առաջադրանքն է դուրս գալ խաղադաշտ, լավ խաղ ցուցադրել և պայքարել հաղթանակի հասնելու համար»։

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է պատասխանել եվրոպական գրանդ-ակումբների կողմից նրա նկատմամբ ունեցած հետաքրքրությանը վերաբերող հարցին՝ ասելով, որ ժամանակը կգա, և բոլոր պատասխանները կլինեն։

SportArmenia.com-ի այն հարցին, թե «Շախտյորի» խաղերի ժամանակ նկատվում է, որ բրազիլացիները միմյանց հետ են խաղում՝ առանց իրեն փոխանցումներ կատարելու, Մխիթարյանն ասել է․ «Ես դա խաղադաշտում չեմ նկատում։ Իսկ խաղադաշտից դուրս, միգուցե, այլ կերպ է երևում»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս