Հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հ. 293-Ն հրամանով՝ հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հրամանն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 19-ին:
Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքի վարչական սահմանում՝ Շիրակամուտ գյուղական համայնքի վարչական սահմանագծին հարակից, Չիչխան գետի վրա: Ջրվեժի բարձրությունը ծովի մակարդակից 1786 մետր է: Ըստ անձնագրի՝ ջրվեժի տարածքը գտնվում է խիստ երկրաշարժավտանգ տեկտոնական գոտում՝ Փամբակ-Սևան խորքային բեկվածքի անմիջական հարևանությամբ:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` արգելվում են հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները, հողային և բուսական ծածկույթի խախտումները, ծառերի և թփերի հատումները, աղտոտումը, ջրային ռեժիմի խախտումը, բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն: Ջրվեժի տարածքում, ըստ անձնագրի, թույլատրվում է քաղաքացիների հանգիստը, գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը, ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը: