Սպարտակ Ղուկասյանը կամովի՞ն է ներկայացել
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, նա ոստիկանության Աշոցքի բաժնից ազատ է արձակվել:
Ս.Ղուկասյանը հաջորդ օրը` նոյեմբերի 11-ին, «կամավոր» ներկայացել է քննիչին՝ հարցաքննության և ցուցմունք տվել, թե արտերկրում է գտնվել մասնավոր գործերով ու Հայաստան է վերադարձել, երբ տեղեկացել իր հետախուզման մեջ գտնվելու մասին։ Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆոյին», նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նկատենք, որ պաշտոնական մարմինները չեն շտապում հստակ տեղեկություններ տրամադրել Ս.Ղուկասյանի ձերբակալվելու և ազատ արձակվելու մասին։
Ս. Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը: Նա հետախուզման մեջ էր գտնվում ավելի քան երկու ամիս և այս ընթացքում նրան հայտնաբերել ոստիկանությանը չէր հաջողվել, քանի դեռ նա չվերադարձավ Հայաստան…
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Վիճաբանությանը, ըստ նախաքննության տվյալների, մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել էին բնակարանային խուզարկություններ, խուզարկվել էին նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել էին սրճարանի աշխատակիցները, կատարվել էին առերես հարցաքննություններ: Զննվել էին «BMW X5», «KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել էին կրակոցի հետքերի նմուշներ: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել էր երկու պարկուճ և մեկ գնդակ: