ԲՀԿ-ն բարձրացնում է գինը

Արդեն մի քանի օր է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամներն այցելում են մարզեր ու հանդիպումներ են ունենում կուսակցության տարածքային կառույցների անդամների հետ: Այդ հանդիպումներին մասնակցող բարձրաստիճան ԲՀԿ-ականները հայտարարում են, որ դրանց նպատակն է` պարզել շարքային կուսակցականների կարծիքն առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հանդես գալու ձևաչափի վերաբերյալ: Այլ կերպ ասած, ԲՀԿ-ի ղեկավար անդամները գնում են մարզեր, հանդիպում մարզային կառույցների անդամների հետ ու հարցնում` Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի առանձի՞ն թեկնածուով, թե՞ սատարի, ասենք, Սերժ Սարգսյանին, առանձին մասնակցելու դեպքում` ԲՀԿ-ն պետք է առաջադրի Գագիկ Ծառուկյանի՞, Վարդան Օսկանյանի՞, թե՞, ասենք, Արագած Ախոյանի թեկնածությունը: Հարցնում են, մի քանի օր ժամանակ տալիս մարզային կուսակցականներին, որպեսզի հետո վերադառնան ու ճշտեն, թե տարբերակներից որի՞ կողմնակից են, ասենք, Տավուշի կամ Սյունիքի մարզի ԲՀԿ-ականները:

Սա այն պատկերն է, որը ստացվում է ԲՀԿ-ականների հրապարակային հայտարարություններից: Դրանց համաձայն՝ ԲՀԿ-ն ներկայանում է որպես այնքան ժողովրդավարական կուսակցություն, որում առանց վերջին կուսակցականի կարծիքը հաշվի առնելու՝ որևէ որոշում չեն կայացնում: Իրականությունը, սակայն, մեղմ ասած, այլ է: ԲՀԿ-ում, ինչպես և Հայաստանի մնացած կուսակցություններում, որոշումները կայացվում են կամ միանձնյա, կամ, լավագույն դեպքում, սահմանափակ թվով անձանց` կուսակցական վերնախավի մասնակցությամբ: Պատահական չէ, որ ԲՀԿ-ի ղեկավար մարմնի անդամներն, անգամ ամենաընթացիկ հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելիս՝ շեշտում են, որ դա իրենց անձնական կարծիքն է: Այսինքն` որևէ հարցում ԲՀԿ-ականները կաշկանդված են կուսակցության տեսակետը հայտնել՝ մինչև դրա վերաբերյալ չարտահայտվի Գագիկ Ծառուկյանը: Կուսակցական կարգապահության տեսանկյունից դա, իհարկե, նորմալ է, սակայն հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը կուսակցական կարգապահության մասին չէ: Սակայն, կրկնում ենք, ԲՀԿ-ն այս հարցում եզակի չէ, այդպես են վարվում բոլոր, այդ թվում` ընդդիմադիր կուսակցությունները: Իսկ մամուլի համար կազմակերպվող միջոցառումները` գերագույն մարմնի նիստեր, քաղխորհրդի ժողովներ, և այլն, ընդամենն իրենց որոշումներին «ժողովրդավարական տեսք հաղորդելու» նպատակ են հետապնդում:

Այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ են ԲՀԿ-ականներն աշնանային այս մռայլ օրերին այցելում մարզեր` իրենց կուսակիցների կարծիքները «հարցնելու» համար: Հնարավոր է, իհարկե, որ դա արվում է ԲՀԿ-ին ժողովրդավարական իմիջ հաղորդելու համար: Սակայն հազիվ թե դա մարզային այցելությունների միակ նպատակը լինի: Ավելի հավանական է, որ դրանք կազմակերպվում են ներիշխանական «առևտրում» ԲՀԿ-ի արժեքը բարձրացնելու համար: Որևէ մեկը, անգամ ամենաթունդ ու ամենաընդդիմադիր ԲՀԿ-ականը, չի կարող երաշխավորել, որ ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանին: Ճիշտ հակառակը` ներկայիս քաղաքական զարգացումներն ընթանում են հենց այդ հարցի շուրջ, դրա շուրջ ընթանում են նաև կուլիսային բանակցություններ, և բացառված չէ, որ մի գեղեցիկ օր ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները ներքին աշխատանքային խումբ ստեղծեն՝ ԲՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին սատարելու քայլը հիմնավորող հայտարարության տեքստ մշակելու համար: Իսկ քանի դեռ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, պետք է փորձի բարձրացնել սեփական արժեքը` դիմացինի պահանջների հետ համաձայնելուց առաջ: Ու պատահական չէ, որ յուրաքանչյուր մարզից վերադարձող ԲՀԿ-ական հայտարարում է, թե այդ մարզի կուսակցականները միանշանակ, անվերապահորեն, մեկ մարդու նման ցանկանում ու պահանջում են, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այս հայտարարությունները վերջինիս հնարավորություն են տալիս Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում հղում անել «կուսակցության շարքերի ցանկությանը»: Այսինքն` Գ. Ծառուկյանը Ս. Սարգսյանին կարող է ասել. «Ես անձամբ չեմ ուզում առաջադրվել, հակառակը` ցանկանում եմ սատարել Ձեր թեկնածությունը, բայց շարքերը հակառակն են պահանջում: Դրա համար պետք է ԲՀԿ-ն սատարման դիմաց ավելի շատ բան ստանա, որպեսզի շարքերին կարողանամ համոզել»:
Մի խոսքով, ԲՀԿ-ն ներկայումս ամեն ինչ անում է սեփական դիրքերն ամրացնելու և Ս. Սարգսյանին սատարելու արժեքը բարձրացնելու համար: ԲՀԿ-ի տեսանկյունից դա միանգամայն արդարացի քայլ է, քանի որ, որքան էլ երիտհհկականները վիրտուալ տարածությունում ու հարցազրույցներում հեգնեն ԲՀԿ-ին, միևնույն է` չեն կարողանում թաքցնել, որ իրենց շատ անհրաժեշտ է ԲՀԿ-ի սատարումը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների բարեհաջող ավարտից հետո շարքային ԲՀԿ-ականները կարող են հիասթափվել, քանի որ նրանց մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կարծում են, թե Գագիկ Ծառուկյանին իրենց կարծիքը խիստ հետաքրքրում է: ԲՀԿ-ի շարքերում, վստահաբար, կան հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ իրենց «խոսքը գործ է»: Ու այդ մարդկանց համար դժվար է մտածել, որ ԲՀԿ-ն այս փուլում, մինչև նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը, առաջնորդվում է «Մեր գործը խոսքն է» սկզբունքով:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս