ՀԱԿ-ը վավերացրեց ԲՀԿ-ի գերազանցությունը

Խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի առաջարկին այսօր պատասխանել է նաև Հայ ազգային կոնգրեսը` դառնալով երկրորդը ՀՅԴ-ից հետո:

ՀԱԿ-ն, ընդհանուր առմամբ, ողջունել է ԲՀԿ-ի՝ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նախաձեռնությունը` այն վերապահմամբ, որ «կոսնուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել` նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական և քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների և քայլերի ավելի ընդհանրական ծրագիր»:

Այս դեպքում կարևոր են ոչ այնքան ՀԱԿ-ի ներկայացրած «ծրագրային կետերը», որոնք, ըստ էության, որևէ նորություն չեն պարունակում, այլ փաստն ինքնին, որ ՀԱԿ-ն ընդունել է ԲՀԿ-ի ներկայացրած առաջակությունն ու օրակարգը: Ընդ որում, ի տարբերություն մի շարք այլ ուժերի, որոնք հրաժարվել են արձագանքել` պատճառաբանելով, որ դա Նաիրա Զոհրաբյանի տեսակետն է, և կարձագանքեն միայն կուսակցության կամ նրա նախագահի հայտարարությունից հետո, ՀԱԿ-ը դա արել է հայտարարության տեսքով:

Այսինքն` ՀԱԿ-ը դարձել է առաջին ուժը, ով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ճանաչել է որպես ԲՀԿ-ի պաշտոնական առաջարկ: Փաստացի ՀԱԿ-ը` հայտարարության մակարդակով պատասխանելով ԲՀԿ-ի առաջարկին, ֆորմալ առումով ընդունել է նաև ԲՀԿ-ի գերակայությունը քաղաքական դաշտում` ֆորմալացնելով նաև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու կամ ԲՀԿ-ի թելադրած խաղի կանոններով շարժվելու պատրաստակամությունը:

Ինչ վերաբերում է կոնսուլտացիաների օրակարգըն ընդլայնելու` ՀԱԿ-ի առաջարկին, ապա դրանք արդեն, ըստ էության, տեխնիկական բնույթի հարցեր են, որոնք, սակայն, կարող են լուծել նաև ՀԱԿ-ի կամ նրա անդամների մի մասի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ:

Օրինակ, ՀԱԿ-ն առաջարկում է «միասնական ծրագրում» ընդգրկել կետ` «Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաև՝ առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում»:

Կոնգրեսի փաթեթը ԲՀԿ-ն արդեն իսկ ողջունել է, ընտրությունների օրինականացման վերահսկման «համատեղ փորձն» էլ՝ առկա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբի տեսքով: Թե ինչ եղավ այդ շտաբի հետ, և ինչ խնդիրներ լուծեց այդ շտաբը, հայտնի է. գործնական որևէ քայլ չանելով՝ այդ շտաբն իրականում աչք փակեց ընտրությունների ժամանակ հատկապես  ԲՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի վրա` լեգիտիմացնելով ԲՀԿ-ի «արդար ձայները»:

Այն ժամանակ մամուլում մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ դա ունեցել է ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական հետևանքներ: ՀԱԿ-ի համար, բնականաբար: Այսինքն` այսօրվա հայտարարությամբ ՀԱԿ-ն ավելորդ անգամ իր ծառայություններն է առաջարկում ԲՀԿ-ին: Ծառայություններից մեկն էլ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացրած մյուս կետին, այն  է`«Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային և այլ միջոցառումների անցկացում»: Այսինքն` ՀԱԿ-ը հիշեցնում է հանրահավաքներ կազմակերպելու իր կարողության մասին` ԲՀԿ-ին ակնարկելով, որ կարող է ապահովել «զանգվածային միջոցառումները»: Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո: Բնականաբար, մարդկային և նյութական «մասնակցության դիմաց»:

Իսկ ՀԱԿ-ի հայտարարության վերջին կետը Կոնգրեսի աջակցությունն է ԲՀԿ-ին՝ վարչապետի դեմ պայքարում: «Ապօրինի տնտեսական մենաշնորհների և արտոնությունների և համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Տնտեսական մենաշնորհների և արտոնությունների դեմ ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, սկսեց պայքարել իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո: Մինչ այդ ԲՀԿ-ն համերաշխորեն գոյատևում էր ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ` մաս կազմելով «տնտեսական մենաշնորհների և արտոնությունների» վրա հիմնված համակարգին:

ԲՀԿ-ականներն, ըստ էության, չեն էլ թաքցնում, որ տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրենց քննադատությունները կապված են միայն վարչապետի պաշտոնի հետ: Այսինքն` այս հարցերում ԲՀԿ-ի պայքարը կդադարի այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը կտրամադրեն իրենց: Կարելի է ենթադրել, որ արդեն ՀԱԿ-ը ևս կդադարի պայքարել նշված երևույթների դեմ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի ԲՀԿ-ն:

Իրականում ՀԱԿ-ի հայտարարության մեջ նշված «վերապահումներն», ինչպես նշեցինք, մանր դետալներ են` համեմատած այն իրողության հետ, որ ՀԱԿ-ն այլևս դարձել է ԲՀԿ-ի նախաձեռնությունների սպասարկողը: Հետաքրքիր է` ԲՀԿ-ն ինչպե՞ս կարձագանքի ՀԱԿ-ի վերապահումներին: Գոնե Տիգրան Ուրիխանյանը հայտարարությամբ հանդես կգա՞: Թե՞ դա էլ շատ կհամարվի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս