«Ընտրությունները պետք է ավարտվեն մինչև ընտրությունները. քվեարկությունը պետք է ամրագրի ներքաղաքական նոր իրավիճակը երկրում»
Հարցազրույց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ
– Տիկին Մկրտչյան, մամուլում հաղորդումներ եղան այն մասին, որ Դուք պատրաստվում եք առաջադրել Ձեր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Արդյոք ունե՞ք այդպիսի որոշում, եթե այո, ապա ինչպե՞ս այն ծնվեց:
– Դա ձեր լուրն էր, որը ոչ հերքեցի, ոչ հաստատեցի: Այժմ միայն ավելացնեմ` նման մտադրություն ունեմ: Այդ մտադրությունը կվերածվի՞ վերջնական որոշման, թե՞ ոչ` ժամանակը ցույց կտա: Այստեղ, իհարկե, կարող էինք ավարտել զրույցը, քանի որ ենթադրաբար ձեր հաջորդ հարցերը լինելու են «եթե առաջադրվեք, ապա» ձևակերպման շրջանակներում:
Այնուամենայնիվ, դեմ չեմ շարունակել հարցազրույցը: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչո՞ւ եմ հանգել նման մտադրության, ապա ասեմ. 2003թ. ի վեր, որպես ընտրող և ՀՀ քաղաքացի, ես Հայաստանում չեմ մասնակցել ոչ մի ընտրության, ընտրատեղամաս չեմ մտել, չեմ քվեարկել: Պատճառները մի քանիսն են:
Նախ` ես համոզված էի, որ ընտրությունները կեղծվելու են, այդ թվում` նաև իմ քվեն: Երկրորդ: Ես չէի հավատում այն հավաստիացումներին, որ իմ և այլոց քվեին տեր է կանգնելու հենց նա, ում օգտին կքվեարկեի: Երրորդ և, թերևս, ամենակարևորը: Ես նախընտրելի թեկնածու կամ կուսակցություն չեմ ունեցել ընտրության գնալու համար: Այսինքն` չես կարող ընտրություն կատարել այնտեղ, որտեղ այդ հնարավորությունը չկա:
Ընդհանրապես, մեր հասարակությանը վարժեցրել են այն մտքին, որ ստիպված ենք ընտրել վատի, ավելի վատի և վատթարի միջև: Դա ընտրություն չէ, քաղաքացու համար դա նսեմացուցիչ է, երկրի համար` վտանգավոր: Հազարավոր մարդիկ կան, որ իմ վիճակում են հայտնվել: Ճիշտ է, այս դեպքում իշխանությունն ավելի հեշտությամբ է կեղծում ընտրությունների արդյունքները, սակայն կեղծում է, և այդ ամենին փորձել եմ չմասնակցել:
Եվ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունս կապված է նման փակուղին հաղթահարելու, երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի առողջացման, գաղափարական-արժեքային սկզբունքների, արդարություն և օրինականություն հաստատելու հետ: Եթե ինքնառաջադրվեմ, ապա` արմատական և զարգացմանը միտված փոփոխությունների անհրաժեշտությունից, ինչպես նաև՝ վատի և վատթարի ընտրության սկզբունքի վերացման համար:
– Ի՞նչ նախընտրական ծրագիր եք ներկայացնելու. կասե՞ք առաջին 5 քայլերը, որ անելու եք նախագահ ընտրվելու դեպքում: Նաև 5 մարդկանց անուններ, ովքեր հաղթանակի դեպքում լինելու են Ձեր թիմում:
– Որպես քաղաքացի՝ ես ապրում եմ այն բոլոր խնդիրներով և հոգսերով, ինչ մեր հասարակության մեծ մասը, և բախվում եմ նույն պրոբլեմներին: Ինձնից դուրս ևս գոյություն ունեն բազում խնդիրներ, որոնց անձամբ ես չեմ բախվում, սակայն լավատեղյակ եմ:
Այս առումով խիստ տեղեկացված եմ: Ես տեսնում եմ երկրին և հասարակությանը պատած խնդիրների արմատները, դրանց պատճառները և հետևանքները` անարդարություն, անօրինականություն, խրախուսվող անպատժելիություն, կաշառակերություն, կոռուպցիա, գործազրկություն, որպես հետևանք՝ արտագաղթը: Նախընտրական ծրագիրն այս ամենն արմատապես փոխելու վրա է հենված լինելու:
Ընտրվելուց հետո ցանկացած ողջամիտ, պատասխանատու իշխանություն նախևառաջ` մեր երկրի ամենատարբեր ոլորտներում իրավիճակի հետազոտություն, երկրի ֆինանսատնտեսական միջոցների, ընդերքի հաշվառում-գույքագրում պետք է կատարի` պարզելու և հասարակությանը ներկայացնելու, թե ի՞նչ ժառանգություն ենք ստացել, ի՞նչ է մնացել վերջին 20 տարում Հայաստանում և Հայաստանին, նաև փոփոխությունների իրականացման ժամանակացույցը պետք է ներկայացվի: Պետք է բոլոր գործարարները հստակ իմանան, որ եկել է օրինական և մրցակցային դաշտում աշխատելու ժամանակը, պետք է կոռուպցիայի դեմ պայքարի իրական միջոցառումներ իրականացվի:
Քաղաքական կարևոր խնդիրը, որը պետք է լուծել, հասարակական լայն համաձայնության մթնոլորտում, նոր Սահմանադրության նախագծի մշակումն է, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Հիմնական օրենքի: Գործող Սահմանադրությունը՝ փոփոխություններով հանդերձ, մեզ պարտադրվել է: Հասարակությունը 1995թ. իրականում ոչ է ասել Սահմանադրությանը, իսկ 2005-ին ընդհանրապես բոյկոտել է հանրաքվեն:
Նոր քաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն` հասարակության քվեով ընդունված: Եթե առաջադրվեմ, ապա, բնականաբար, իմ ծրագրում մանրամասն կներկայացնեմ առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Ինչ վերաբերում է հաղթանակի դեպքում անուններ տալուն, այս պահին դա անիմաստ է. ես մարդկանց հետ չեմ պայմանավորվելու պաշտոնների համար, այլ` փոփոխությունների իրականացման սկզբունքների միասնական թիմի անդամ դառնալու համար: Հայաստանում, ցավոք, թիմը համարվում է քծնող մարդկանց խումբը, որը հավատարմության դիմաց անպատիժ գործելու և հասարակությանը հարստահարելու իրավունք է ստանում:
Այդ մոտեցումը պետք է արմատախիլ արվի: Եթե երկրում մթնոլորտ և իրավիճակ փոխվի, պաշտոնատար անձինք պետք է համապատասխանեն այդ մթնոլորտին: Վստահեցնում եմ ձեզ` մեր երկրում կան սկզբունքային, պարկեշտ, բանիմաց, գործիմաց մարդիկ, որոնք պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց վստահված ոլորտներին: Կարևորը ծրագիրն է, և թիմի անդամները պետք է օգնեն իրականացնել այն: Պաշտոնը պարգև չէ, այլ պատասխանատվություն, վստահություն:
– Խորհրդակցություններ անցկացրե՞լ եք քաղաքական կուսակցությունների կամ այլ կազմավորումների հետ Ձեր թեկնածությունը պաշտպանելու շուրջ, և կա՞ն ձեռք բերված պայմանավորվածություններ:
– Այո, նման խորհրդակցություններ, հանդիպումներ եղել են դեռ ամռանը` հունիս-հուլիս ամիսներին: Այս առումով խորհրդակցությունների 1-ին փուլն ավարտվել է: Այդ հանդիպումների հիմքում ոչ այնքան պայմանավորվածություններ ձեռք բերելու խնդիրն էր դրված, որքան խորհրդատվական, տեղեկատվական:
Բոլորն էլ փոփոխություններ են ուզում, ոմանք դրա հնարավորությունը տեսնում են, ոմանք` ոչ: Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ աջակից կուսակցությունների թիվն ավելի շուտ քարոզչական հնարք է, քան իրական քաղաքական դաշտի համախմբում: Որևէ կուսակցության հայտարարությամբ նրա ընտրազանգվածը մեխանիկորեն չի անցնում մյուսին: Հայաստանում այժմ անհրաժեշտ է ոչ թե կուսակցություններին համախմբել, այլ հասարակությանը: Կուսակցությունները կողքիդ կկանգնեն այն ժամանակ, եթե ինքդ ես գործոն դառնում ընտրապայքարում:
Իրավիճակն այս առումով շատ նման է 1996 թ. ՀՀ նախագահի ընտրություններին: 96-ի հունվար ամսին «Ազգ» թերթում մի վերլուծություն տպեցի` «Այլընտրանք» վերնագրով, որտեղ հանգում էի այն եզրակացությանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական այլընտրանքը լինելու է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Բոլորը ծիծաղում էին ինձ վրա, թե՝ ես ցանկալին իրականության տեղ եմ ներկայացրել: Կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվում էին քաղաքական խորհրդատվությունների և միասնական թեկնածուի առումով արդյունքի չէին հանգում տևական ժամանակ:
Ի վերջո` Վազգեն Մանուկյանը նրանց ասաց՝ գնում եմ ընտրությունների, դուք որոշեք` գալի՞ս եք ինձ հետ, թե՞ ոչ: Միայն սեպտեմբերի կեսերին իրավիճակը փոխվեց, իսկ մթնոլորտը փոխվեց մի քանի օրում: Այնպես որ` եթե ես որոշեմ առաջադրվել, ոչ մի նշանակություն չունի, թե այդ հայտը ե՞րբ կներկայացնեմ, և ովքե՞ր կհայտարարեն աջակցության մասին: Կարևորը, որ հասարակությունը քեզ հետ լինի:
– Հայաստանում նախագահական և բոլոր տիպի ընտրություններում վճռորոշ նշանակություն է ստացել ընտրակաշառքը. ով վճարում է` նա էլ հաղթում է: Չե՞ք կարծում, որ նման ընտրական միջավայրում «անփող» թեկնածուների մասնակցությունն անիմաստ է և դատապարտված անհաջողության:
– Իշխանության հույսն էլ է դա, որ փողազուրկ, սակայն գաղափարական, սկզբունքային մարդիկ չմտնեն ընտրապայքարի մեջ: Դրա համար էլ նրանք հիմա վերահսկում են բոլոր ֆինանսական հոսքերը: Սակայն նախագահի ընտրություններում փողը կարևոր է, սակայն` ոչ վճռորոշ: Խորհրդարանի ընտրություններում հասարակությունը բաժանվում է մի քանի մասերի, նախագահի ընտրություններում` երկու մասի: Եթե ընտրակաշառքը նշանակություն ունենար, ապա ինչո՞ւ տեղի ունեցան 1996, 2003-2004, 2008 թթ. դեպքերը: Ինչո՞ւ իշխանությունը չկարողացավ փողով մարել հասարակական ընդվզումը, այլ միայն՝ բռնությամբ և ուժով: Եթե ընտրություններում հասարակությունը նպատակ և այլընտրանք տեսնի, կբռնի ընտրակաշառք տվողի ձեռքը և կբերի Հանրապետության հրապարակ:
– Մտավախություն չունե՞ք, որ ընդդիմադիր որոշ գործիչներ կամ կուսակցական շրջանակներ կարող են Ձեզ մեղադրել «իշխանության պրոյեկտ» լինելու մեջ, ում նպատակը հասարակության ուշադրությունը «հիմնական պայքարից» շեղելն է:
– Երեք հանգամանք կնշեմ. նախ` ես ետխորհրդային շրջանում եմ մտել քաղաքական լրագրություն, իմ սկզբունքները և արժեքները չեն փոխվել: Դրանք ղարաբաղյան շարժման բերած արժեքներն են, որոնք հենված են ազգի և անձի արժանապատվության, ժողովրդավարության, արդարության վրա: Բոլոր այն ոլորտներում, որտեղ ես այժմ աշխատում եմ` լրագրության, դասախոսական թե հասարակական աշխատանք, գործում եմ այդ սկզբունքներով: Հանդիպում եմ դիմադրության, բայց միշտ էլ կողքիս կանգնում են մարդիկ, ովքեր պաշտպանում են այդ սկզբունքները: Ես միշտ մտածել եմ, գրել և իրականացրել նույն բանը, դրանք երբևէ չեն հակադրվել: Այս առումով ես շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Երկրորդ: Չեմ կարծում, որ ընդդիմությունը նման կարծիք կհայտնի, դա ավելի շուտ կանի իշխանությունն իր ազդեցության գործակալների միջոցով: Գիտե՞ք, ինչպես է արվում՝ տաքսիներում, տոնավաճառներում: Ի վերջո` եթե որոշեմ առաջադրվել, բացարձակ հաշվի չեմ նստելու նման տեխնոլոգիաների, դրանք ներդրողների և գիտակցաբար կամ անգիտակցաբար օգտագործողների հետ:
– Տեսակետ կա, ըստ որի` Հայաստանում ընտրությունների արդյունքները կանխորոշված են, և ընտրություններով իշխանության հարցը լուծելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: Դուք համաձա՞յն եք նման տեսակետի հետ:
– Այդ տեսակետն, անշուշտ, լուրջ հիմքեր ունի` պարբերաբար կեղծվող ընտրությունները և անտարբեր հասարակությունը: Սակայն, կրկնեմ` նախագահի ընտրւթյուններում իրավիճակը տարբեր է լինելու խորհրդարանականից: 2013 թ. ընտրությունների ճակատագիրը որոշելու է Երևանը:
– Ունե՞ք մարդկային բավարար ռեսուրսներ` վստահված անձինք, ովքեր կպաշտպանեն Ձեր շահերն ընտրական տեղամասերում:
– Մթնոլորտն այնպես պիտի փոխվի, որ ընտրություններն ավարտվեն մինչև ընտրությունները, և քվեարկությունն ընդամենն ամրագրի ներքաղաքական նոր իրավիճակը երկրում: Այս դեպքում մեծաթիվ կամավորներ կարող են դառնալ վստահված անձինք, ովքեր պատրաստ են կանխել ընտրակեղծիքները:
– Ի՞նչ կանեք, եթե պարզեք, որ ընտրությունները կեղծվել են, և այն թեկնածուն, ով ԿԸՀ տվյալներով հայտարարվել է հաղթող, չի ստացել մեծամասնության քվեն:
– Դա նշանակում է, որ իշխանությունը խաղում է կրակի հետ: Հայտնի է, որ քամին մարում է թույլ կրակը, բորբոքում` ուժեղը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն մոտեցմանը, որ ընտրությունները պետք են հետընտրական գործընթացներ սկսելու համար, որոնց իմաստը հասարակական ճնշման տակ իշխանությանը հրաժարական պարտադրելն է:
– Իշխանությունը կարող է հեռանալ և՛ ընտրությունների արդյունքում, և՛ ետընտրական զարգացումների հետևանքով: Ընտրությունն իրենցն է:
– Եթե այլ քաղաքական ուժեր նախաձեռնեն հետընտրական գործընթացներ, հնարավո՞ր է, որ Դուք միանաք դրանց:
– Եթե այդ զարգացումների նպատակը երկխոսությունն է, պայմանավորվածությունն իշխանության հետ տարբեր պաշտոնների շուրջ, ապա չեմ մասնակցի, եթե դրանք հանգեցնելու են փոփոխությունների, ընդհուպ` հեղափոխության, ապա անպայման: