Ինչո՞ւ են ԲՀԿ-ականներն այցելում մարզեր
ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այսօրվանից սկսել են մարզային այցերը և հանդիպումները կուսակցական ակտիվի հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր այցելել է Գյումրի, տեղեկացրեց, որ այդ հանդիպումները փակ են, և դրանց մասնակցում են միայն ԲՀԿ տեղական կառույցների անդամները:
Այս հանդիպումները կազմակերպվում են կուսակցության` առաջիկա նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում: Ըստ Զոհրաբյանի, իրենք ցանկանում են ԲՀԿ շարքային անդամներից տեղեկանալ, թե նրանք ինչպես են պատկերացնում ԲՀԿ մասնակցությունը նախագահական ընտրություններին:
Այսինքն՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներն ուզում են իմանալ, թե արդյո՞ք ԲՀԿ-ականները ցանկանում են պաշտպանել ՀՀԿ-ին, թե՞ ընդհակառակը՝ ցանկանում են, որ ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով և հակադրվի ՀՀԿ-ին, և եթե հանդես գա սեփական թեկնածուով, ո՞վ պետք է լինի այդ թեկնածուն:
ԲՀԿ-ից այսօր մարզային հանդիպման է գնացել նաև Վարդան Օսկանյանը, ով հանդիպելու է Ստեփանավանի` ԲՀԿ ակտիվի հետ, իսկ Տիգրան Ուրիխանյանը հանդիպելու է Սյունիքի մարզի ԲՀԿ-ականների հետ:
Հասկանալի է, որ մարզային հանդիպումները ոչինչ չեն որոշում, և դրանք ընդամենը ժամանակ ձգելու ևս մեկ միջոց են: Հիմա ԲՀԿ-ականները կարող են ասել, որ իրենց դիրքորոշումը կհստակեցնեն միայն մարզային հանդիպումներն ավարտելուց և իրենց շարքերի հետ խորհրդակցելուց հետո: Կարող են ասել նաև, որ սա ներկուսակցական ժողովրդավարության դրսևորման օրինակ է, երբ որոշումները կայացվում են շարքերի հետ հանդիպումների արդյունքում:
Բայց կուսակցության անդամների տեսակետը հաշվի առնելու ավելի ընդունելի և ավելի դեմոկրատական տարբերակ կա. դա կուսակցության համագումարն է, որի ժամանակ համագումարի պատվիրակներն, ովքեր ներկայացնում են այն տարածքային կազմակերպությունները, որոնք իրենց ընտրել են, որոշում են կայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ: ԲՀԿ-ն կարծես թե նախագահական ընտրություններից առաջ համագումար չի պատրաստվում անցկացնել, քանի որ այդ կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե իրենք համագումար հրավիրելու մասին որոշում չունեն: Այս մարզային հանդիպումները փոխարինելու են կուսակցության համագումարին:
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն խուսափում համագումար հրավիրել, եթե համագումարի պատվիրակների ցանկությունն առավել քան կանխատեսելի է. նրանք պետք է հայտարարեն, որ կողմնակից են, որ ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի նախագահական ընտրություններին, և իրենց թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, իսկ եթե այլ կուսակցություններ կպաշտպանեն՝ ավելի լավ:
Եթե ԲՀԿ-ն համագումար չի հրավիրում, այլ սահմանափակվում է մարզային հանդիպումների միջոցով կուսակցականների կարծիքը լսելով. դա կարող է նշանակել, որ կուսակցության քաղխորհուրդը վերը նկարագրվածից տարբերվող որոշում է կայացնելու:
Արդեն հայտարարվել է, որ ԲՀԿ մեծամասնությունը կողմնակից է, որ կուսակցությունը հանդես գա սեփական թեկնածուով, և այս հարցում կարծես թե որոշակիություն կա: Հնարավոր է, որ ԲՀԿ քաղխորհուրդը որոշի, որ սեփական թեկնածուն լինելու է ոչ Գագիկ Ծառուկյանը: Այսօր ԲՀԿ-ում ամենաակտիվն ու ամենահրապարակայինը խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանն են:
Հնարավոր է, որ մարզային հանդիպումների ժամանակ որոշվի, թե նրանցից ով կարող է ներկայացնել ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում: