
Բաց նամակ Գյումրիի շաքարախտով հիվանդների կողմից

Բաց նամակ Գյումրիիշաքարախտով հիվանդների կողմից
ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ԱԺ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ղեկավարներին.
«Շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ նման հիվանդներին իշխանությունը ցուցաբերում է մասնակի օժանդակություն, որը սահմանափակվում է անվճար դիաբետոն ՄՌ-60-ի հատկացումով, արյան և մեզի անալիզով, այն էլ` ամիսը մեկ անգամ ու հաշմանդամ թոշակառուներին` 1-ին խմբի հաշմանդամին` 140 %-ով, իսկ 2-րդ խմբի հաշմանդամին` 120 %-ով հավելավճար տալով, այն էլ` բազային թոշակի չափից կախված («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք, հոդված 15, կետ 4)։
Վերջին անգամ բարձրացվեց թոշակների բազային շեմը 2500 դրամով, իսկ հաշմանդամներին նշված գումարին ավելացավ համապատասխանաբար` 500 և 100 դրամ։ Եթե հավելավճարի գումարը բաժանենք օրերի թվի վրա, կստանանք.
500։31=16,1 դրամ, 1000։31=32,2 դրամ։
Մենք գիտենք, որ միջին և ծանր բարդությամբ շաքարախտով տառապող հիվանդների մոտ ախտահարված կլինեն մինիմում 2-3 ներքին օրգան, որոնք բարվոք վիճակում պահելու համար անհրաժեշտ է կոմպլեքս բուժում։ Հարց է առաջանում. կոմպլեքս բուժումը կազմակերպելու համար օրը քանի՞ ներարկում է անհրաժեշտ, ի՞նչ թանկարժեք արտասահմանյան դեղ է նշանակելու բժիշկը և օրական քանի՞ անգամ է ընդունելու տարբեր դեղերի հաբեր, ինչպիսի՞ դիետայով է սնվելու, և սրանց էլ ավելացրած` սպիրտ և բամբակ։
Մենք քաջատեղյակ ենք, որ երբ բարձրացվում են թոշակները և աշխատավարձերը, անմիջապես հաջորդում է գների թանկացումը։
Հարց. «Այսպիսի հավելավճարը կարելի՞ է համարել պետության հոգատարություն հաշմանդամների նկատմամբ»։
Եզրակացությունը թողնում ենք Ձեզ։
Ուզում ենք հանրապետության բարձրաստիճան չինովնիկներին հիշեցնել, որ իրենք այդ պաշտոններին նշանակվում են կուսակցությունների առաջադրմամբ և պարտավոր են իրենց աշխատանքային գործունեության ժամանակահատվածում սրբորեն կատարելու սահմանադրության, կուսակցության ծրագրի և կանոնադրության, ինչպես նաև` նախընտրական ծրագրերի պահանջները։
Մենք քաջ գիտակցում ենք, որ ապրում ենք կապիտալիստական-ժողովրդավարական համակարգում, բայց ելնելով վերը նշածներիս պահանջներից` խնդրում և առաջարկում ենք Ձեզ, որպես ՀՀ և ՀՀԿ նախագահ` Ձեր ղեկավարությամբ, ընտրություններին մասնակցած կուսակցությունների ղեկավարների, օլիգարխների, Հայաստանում գործող օտարերկրյա ֆիրմաների ղեկավարների, բարեգործների, հանրապետությունում գործող տարբեր հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպել շաքարախտով հիվանդների համար`
1. Դիետիկ սննդամթերքի խանութներ. վաճառվող սննդամթերքների գներից հանել մաքսահարկը և մյուս բոլոր տեսակի հարկերը։
2. Կազմակերպել դիետիկ հացի արտադրություն տարեկանի և աշորայի ալյուրից։ Մենք գիտենք, որ նշված ալյուրները չեն ներկրվում, և տեղականն էլ չունենք։ Ստուգել` խանութներում վաճառվող դիետիկ հացը ի՞նչ ալյուրից է պատրաստված։ Ազգաբնակչությանը տեղեկացնել ԶԼՄ-ների միջոցով։
3. Առաջարկում ենք անալիզները կատարել շաբաթը 1 անգամ-անվճար:
4. Հանձնարարել մասնագետներին` ստեղծել շաքարախտով հիվանդների համար հատուկ գրքույկներ, որտեղ նշված լինի շաքարախտի բարդությունը, օգտագործվող դեղերի տարատեսակներն` ըստ նշանակված դոզաների, ներքին ո՞ր օրգանն է ախտահարված, և այլն։
Գրքույկն ունենա իրավաբանական ուժ` հանրապետության ողջ տարածքում ստանալու անվճար դեղ և բուժսպասարկում։
5. Ստացիոնար բուժման ընթացքում ապահովել անվճար դիետիկ սնունդով։
6. Շաքարախտով հիվանդ թոշակառուների համար անվճար հատկացնել շաքարը չափելու սարք, իսկ աշխատողների համար կիրառել 40-60 % զեղչ։
7. Սանատորիական բուժումների և հանգստյան տների ուղեգրերը թոշակառուներին հատկացնել անվճար, իսկ աշխատողների համար կիրառել 50-70 % զեղչ։
8. Քանի որ միջին և ծանր բարդությամբ շաքարախտով հիվանդները բուժվում են մի քանի հիվանդությունների համար, ապա առաջարկում ենք նման հիվանդներին դեղերը հատկացնել 40-60 % զեղչ գներով։
9. Այս առաջարկությունները, բախտի բերմամբ, եթե ստանան օրենքի ուժ, և հետագայում որպեսզի հանրապետության ամբողջ ազգաբնակչությունը չդառնա շաքարախտով հիվանդ` առաջարկում ենք սահմանել խիստ հսկողություն և խոշոր չափի ֆինանսական տուգանք։
10. Մենք գիտենք, որ շաքարախտով հիվանդների համար այս տարի պետությունը հատկացրել է $ 117 օգնություն, եթե այն բաժանենք տարվա օրերի վրա` կստանանք 117։365=0,32 ցենտ։
Միաժամանակ գիտենք, որ ԱՄՆ-ում հատկացրել են $7380։ 7380։365=$20,2
Ելնելով պետության կողմից նշածս օգնության գումարի չափից, վաճառվող դեղերի թանկությունից, առաջարկում ենք.
- Շաքարախտով հիվանդների կենսաթոշակը բարձրացնել 2,5-3.0 անգամ։
Այս առաջարկությունները որպեսզի զարմանք չառաջացնեն հանրապետության իշխանավորների մոտ, առաջարկում ենք կազմակերպել դասախոսություն «Շաքարախտը, բարդությունները և հետևանքները» թեմայով։
Նշված հարցերի դրական լուծումով հանրապետության իշխանավորները կհեշտացնեն Եվրամիության կազմում ընդգրկվելու գործընթացը։ Կանխավ հայտնում ենք շնորհակալություն»։
Հեղինակ` Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Առաջարկությունների նպատակն է` շաքարախտով հիվանդներիս առողջության պահպանումը, որի համար տալիս ենք համաձայնություններս` ստորագրելով։
Սոսյան Լեյլա Լևոնի
Տոնոյան Սուրեն Գարեգինի
Պետրոսյան Ժիրայր Գեորգիի
Պետրոսյան Լալա Ավետիքի
Թորոսյան Հրանտ Արամայիսի
Մելոյան Գևորգ Մ.
Աթոյան Էմմա