Քրդերը սպանել են 10 եզդու, 100-ը վիրավոր են
Քուրդ և եզդի ժողովուրդների ազգամիջյան բախումները շարունակվում են:
«Իրաքի Բաշիկա տարածքում երեկ` նոյեմբերի 7-ին, քրդական զորքերը հարձակվել են եզդի երիտասարդների վրա, 10 եզդի սպանվել են, 100-ը ծանր վիրավոր»,- այս մասին 168.am-ին տեղեկացնում է «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:
Տեղեկատվությունը տարածել է Իրաքի հյուսիսային հատվածում բնակվող եզդի հոգևորը, ում փոխանցմամբ՝ քրդերը հարձակվել են եզդիների վրա չորեքշաբթի օրը: Այդ օրը եզդի ժողովրդի համար համարվում է սուրբ օր. նոյեմբերի 7-ին մարդիկ հավաքվում են և տոնախմբություն են կազմակերպում:
Կատարված սպանությունների առիթով, «Սինջար» հ/կ-ի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավարապես նշված է. «Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ:
Քրդերրի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարևորում է իր քաղաքական և տնտեսական շահը, աներկբա է և փաստորեն չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն:
Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների, անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին: Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը»: