«Սպասվում է հացի գնի թանկացում մինչև 10 տոկոս»

Հացի գնի թանկացումը համահունչ է ցորենի գնի թանկացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» մարքետինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը:

Ըստ նրա` հացի գինն առաջանում է դրա բաղադրիչների գնից, և այժմ հացը թանկացել է, քանի որ թանկացել են դրա բաղադրիչները. «Այլ բան է, որ գների իջեցման ժամանակ Հայաստանում գները չեն նվազում»:

Նրա փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինան ու Ռուսաստանը ցորեն չեն արտահանում. Հայաստանի համար բացառություն է արել միայն Ռուսաստանը:

Ֆրունզե Հայթյանը նշեց,  որ իրենց տվյալներով`սպասվում է հացի գնի թանկացում մինչև 10 տոկոս:  Ըստ նրա` այսօր հացի մեկ երրորդից ավելին անհայտ ծագում ունի. հարկերից խուսափելու համար արտադրողները չեն գրում իրենց անունը:

Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը  նշեց, որ եթե հացը վաճառվում է նույն գնով, բայց ավելի փոքր չափով, ապա դա ևս թանկացում է: Նրա գնահատմամբ` հայ սպառողը պահանջատեր չէ. եթե նրան դուր չի գալիս տվյալ արտադրանքը, ապա նա չպետք է գնի այն:

Միլետա Արիստակեսյանի հաղորդմամբ՝ հացի որակի համար վտանգավոր են գենոմոդիֆիկացված բաղադրիչները. «Ցորենին տալիս են կարիճի գեն, որ ինքը երաշտի ժամանակ քիչ ջուր վերցնի, բերքը լավ տա, հիմա մեզ դա ավելի վնաս է, քան մնացած բաները»:

 

Տեսանյութեր

Լրահոս