Արդյոք առաքյա՞լ է Նիկոլ Փաշինյանը
Այսօր թվով 9 երիտասարդներ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենք ներկայացնում են «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը, պատրաստվում են հանդիպել հասարակության լայն շրջանակների հետ, հրավիրել համագումար և ստեղծել համանուն կուսակցություն:
Մինչ այդ մամուլում տեղեկություն էր եղել, որ նախաձեռնող խմբի ետևում կանգնած է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նման ենթադրության համար որոշակի հիմքեր կան. նախաձեռնող խմբի անդամների մի մասը, տարբեր ժամանակներ, որոշակի առնչություն է ունեցել Փաշինյանի հետ:
Նախաձեռնող խմբի անդամներից մեկը` Մանուկ Սուքիասյանը, եղել է Փաշինյանի ստեղծած «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության անդամ, Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի վստահված անձն էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Խմբի անդամները հերքում են, որ իրենց նախաձեռնությունը որևէ կապ ունի Փաշինյանի հետ: Կա՞ այդպիսի կապ, թե՞ ոչ, կերևա առաջիկայում, բայց, որ նման ենթադրության համար կան որոշակի հիմքեր, միանշանակ է: Եվ ահա թե ինչու:
Նախաձեռնող խմբի անդամներն ասում են, որ քաղաքական դաշտը գտնվում է անհույս և անհեռանկար վիճակում, քանի որ այն դեգրադացվել և լճացել է: Դրա վառ ապացույցը նրանք համարում են այն, որ չնայած նախագահական ընտրություններին մնացել է 3 ամիս ժամանակ, սակայն հասարակությունը դեռ չգիտի, թե որ թեկնածուների միջև պետք է ինքը ընտրություն կատարի: Խմբի անդամները հեռանկար և հնարավորություն չեն տեսնում ոչ իշխանության մեջ, և ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններում:
Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ անդամ է, բայց միայն ֆորմալ առումով: Նույնիսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը չի թաքցնում, որ ինքը հակասություններ ունի Փաշինյանի հետ: Զուրաբյանը ՀԱԿ համակարգողն է, այսինքն՝ ներկայացնում է ՀԱԿ պաշտոնական դիրքորոշումը: Եթե Փաշինյանը հակասություն ունի նրա հետ. նշանակում է՝ հակասություն ունի ՀԱԿ պաշտոնական դիրքորոշման հետ: Այսինքն՝ Փաշինյանը ևս հեռանկար չի տեսնում ներկա ընդդիմադիր դաշտում: Փաշինյանը ձեռնպահ է մնում ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անելուց՝ սպասելով նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ պաշտոնական դիրքորոշման հստակեցմանը: Քանի դեռ տեսական հնարավորություն կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու, Փաշինյանը չի կարող դուրս գալ ՀԱԿ-ից, քանի որ դա ճիշտ չի ընկալվի: Բայց Փաշինյանը հասկանում է, որ այս նախագահական ընտրությունները պետք է օգտագործել հաջորդին պատրաստվելու համար:
«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ասում են, որ նախորդ նախագահական ընտրություններից այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ չկա նոր լիդեր-թեկնածու, ում շուրջ հասարակությունը կհամախմբվի: Չնայած դրան, նրանք հայտարարում են, որ այս ընտրություններին իրենք չեն մասնակցի: Նրանց նպատակը հաջորդ նախագահական ընտրություններին նախապատրաստվելն է: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի մասնակցելու այս ընտրություններին, նա իրեն, ըստ ամենայնի, համարում է հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, հասկանում է, որ այս նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը փլուզվելու է: Հասարակությունը հոգնելու և նունիսկ զզվելու է հին կուսակցություններից, որոնք ոչինչ չեն կարողանում փոխել, ինչի հետևանքով առաջանալու է վակուում: Կարո՞ղ էր Փաշինյանն այսօր մտածել ստեղծել մի ուժ, որը կլրացնի վաղվա վակուումը: Իհա՛րկե կարող էր: Չնայած չի բացառվում, որ այդ վակուումը լցնելու մասին կարող էին մտածել նաև այլ ուժեր: