Աղվան Վարդանյանը ճաշարանում Գալուստ Սահակյանի հետ ոչ թե բանակցել է, այլ պարզապես ճաշել, հումոր արել և ծիծաղել

Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր հայտարարեց, որ սկսում է քաղաքական քննարկումները բոլոր քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում ՀՅԴ-ն կհստակեցնի իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին:

«Հանրապետական կուսակցությունից դեմքով ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ում հետ հնարավոր է համաձայնության հասնել այդ հարցերում»,- հարցրեց լրագրողներից մեկը: Ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ՀՀԿ-ին դիտում ենք որպես ամբողջություն, և թող իրենք որոշեն այդ դեմքին, բայց, այո´, մենք պատրաստ ենք իրենց հետ էլ քննարկել այս հարցերը, որովհետև խնդիր ունենք իսկապես երկրում իրավիճակ փոխելու և այն լուծումներով, որոնք մենք առաջարկում ենք, նաև իրենց համոզելու, որ սա է ճիշտ ճանապարհը: Պարզապես այն կողմից լավ նշաններ առայժմ չունենք. եթե հիշում եք, մենք ԱԺ ընտրություններում 100 համամասնական ցուցակին անցնելու առաջարկ էինք արել, որը կառավարությունը մերժեց, սա լավ նշան չէ»:

Մամուլում այսօր էլ կա այն տեսակետը, որ ՀՅԴ գործունեության թիկունքում թաքնված է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

Այս հարցին ի պատասխան` ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ եթե որևէ անկողմնակալ վերլուծաբան, քաղաքագետ նայի անկախ Հայաստանի  21 տարվա պատմությանը, կհամոզվի քաղաքական դաշտում ամենաինքնուրույն, ամենաանկախ, միայն իր սկզբունքներով, դրույթներով առաջնորդվող ուժը Դաշնակցությունն է: «Մի պատմություն պատմեմ. երկու օր առաջ Գալուստ Սահակյանի հետ ճաշարանում ճաշել ենք, հումոր ենք արել, ծիծաղել ենք, հաջորդ օրը թերթերից մեկում մի մեծ վերլուծություն կար, թե բանակցություններ էին վարում, քննարկում էին, մռայլ էին: Աբսուրդ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին. Ռ.Քոչարյանը 10 տարի եղել է մեր երկրի նախագահը, նրա հետ մենք համագործակցել ենք, շատ հարցերում մենք նման ենք մտածել, բայց շատ ու շատ հարցերում նաև տարբեր ենք մտածել` այդ թվում նաև խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առումով, և որևէ կերպ Դաշնակցության կեցվածքը պայմանավորել Ռոբերտ Քոչարյանի անձով, հիմնարար սխալ է»:

Իսկ Արմեն Ռուստամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ավելացրեց. «Եթե, օրինակ, Ռ.Քոչարյանը ժամանակին համաձայնվեր մեզ հետ, մենք հիմա վաղուց կունենայինք խորհրդարանական համակարգ: Իհարկե 2005թ. սահմանադրությամբ խորհրդարանի դերը մեծացավ` 70/30 տոկոս հարաբերությունը ձևավորվեց, բայց հիմա կունենայինք 100 տոկոս համամասնական ընտրություններ, կունենայինք ընդդիմության դերի շատ ավելի մեծացում և բազմաթիվ այլ հարցեր»:

 

Տեսանյութեր

Լրահոս