«Մենք թեկնածուների պակասը չունենք… ». Արմեն Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ, և այդ քննարկումների արդյունքում ՀՅԴ-ն կհստակեցնի իր մասնակցության ձևն ու տարողությունը նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը ՀՅԴ ԳՄ-ում հրավիրված ասուլիսում տարածեցին հայտարարություն: Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ այս հայտարությունը ազգային կուսակցության կուսակցության բնորոշ հայտարարություն է, որը բխում է բխում է Դաշնակցության գաղափարական հիմքից, ազգային նպատակներից և կուսակցության սոցիալ-դեմոկրատական էությունից:
Լրագրողներից մեկւ դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու օր առաջ նույնպես հանդես եկավ հայտարությամբ, բացառված չէ, որ մոտ ապագայում այլ ուժեր էլ հայտարարեն, և արդյունքում համախմբումը չկայանա, և հարցին` ճիշտ չե՞ք համարում հայտարարությունների փոխարեն անցնել իսկապես իրական քննարկումներին, Արմեն Ռուստամյանն ի պատասխան «գոհունակությամբ» նկատեց, որ շատ քաղաքական ուժեր կամաց-կամաց սկսել են կարևորել ՀՅԴ փաթեթի այս կամ այն կետը և կիսում են այդ մոտեցումները:
«Իհարկե, սա շատ լավ նշան է, որ բոլորն ի վերջո հանգեն այն գաղափարին, որը պետք է տեղի ունենա հենց այս պլատֆորմի շուրջ:Ամբողջ խնդիրն այն է, որ այս քայլերը բավարար չեն, այս բոլոր քայլերը, որոնք մենք այստեղ ներկայացրեցինք, դրանք են ամբողջացնում փափեթը, դարձնում է անհրաժեշտ և բավարար, որ երկրում ունենանք այն վիճակը, որին ձգտում ենք: Այսինքն` այս փաթեթից միայն մեկ-երկու կետի իրականացումը չի կարող հասցնել այն արդյունքին, որին մենք ձգտում ենք:
Մենք այս հայտարարության մեջ երեք հիմնական ուղղություններ ենք առաջ քաշել. նախ` փոխել երկրի ուղեգիծը, որ երկիրը կարողանա զարգանալ ազգային-պետական այնպիսի ուղեգծով` առանց զարգանալու իր նպատակն ու շահերը, երկրորդը` ստեղծել ժողովրդավարական միջավայր, որ ժողովրդավարությունն իսկապես երկրում կայանա, երրորդը` պետությունը պետք է իսկապես սոցիալական պետություն լինի, որ հոգ տանի իր բոլոր քաղաքացիների մասին, այլ ոչ թե ունենանք մի վիճակ, որ բաժանված ենք երկու մասի` մի արտոնյալ խավն է, մյուս մասը` բախտի քմահաճույքին մատնված մեծամասնությունը»:
Լրագրողներից մեկն էլ հարցադրում կատարեց, որ ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերն, ըստ էության, նույն հայտարարությունն են անում և բոլորը նույն բանն են ուզում անել` քննարկումներ, համախմբում և այլն, սա չի՞ նշանակում, որ վաղը նորից հանգելու ենք նրան, որ բոլորն ասելու են` «եկեք իմ շուրջ համախմբվեք», և արդյունքում համախմբումը չի լինելու:
Սրան ի պատասխան Արմ. Ռուստամյանը պատասխանեց. «Մինչև հիմա այդպես էլ եղել է, բայց մենք ասում ենք` եկեք փոխենք խաղի կանոնները, եկեք նախ հատ հասկանանք` ինչի՞ շուրջ ենք որպես գաղափար, քաղաքականություն, օրակարգ համախմվում, նոր այդ անձը բերենք քննարկենք: Եթե տեղերը փոխեցինք, ոչինչ չի ստացվելու, կստացվի Ձեր ասածը: Բայց երբ սա կատարվեց, եթե ձևավորվեց քաղաքական մի օրակարգ, որով քաղաքական գլխավոր ուժերը հասկանան, որ այս փոփոխությունը, երկրի անցումը որակական նոր վիճակի պայմանավորված է լինելու այս հարցերի լուծումով, սա արդեն նոր վիճակ կառաջացնի և նոր ձեռքբերում կլինի »:
Իսկ Աղվան Վարդանյանն ավելացրեց, որ թե ի՞նչ է լինելու, որևէ մեկը չի կարող երաշխավորել: «Մենք գիտենք մեր քաղաքական դաշտը, գիտենք առկա հակասությունները, գիտենք ամբիցիաները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք: Մենք այն պատասխանատու քաղաքական ուժն ենք, որը տեսնում է այս անելանելի վիճակը, այսպես շարունակելու անկարելիությունը, և մենք նախաձեռնում ենք այս օրակարգը: Անկախ բոլոր հակասություններից`մենք ամեն ինչ անելու ենք, որ համախմբումը կայանա, և, որը շատ կարևոր է, նաև հասարակության մեջ այդ համախմբումը, նախաձեռնությունը, ակտիվությունը, ինչ-որ բան փոխելու ցանկությունը լինի»,- ասաց նա:
«Իրավիճակը նախագահական ընտրություններից առաջ միշտ ցույց է տալիս, որ, ի վերջո, ամենակարևորը դառնում են անձերը»,-նկատեց «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը` հարցնելով` «Դուք մյուս կուսակցությունների մեջ տեսնում եք այդ անձերին»: Ի պատասխան Արմ. Ռուստամյանն ասաց. «Նախ այստեղ մենք թեկնածուի հարցն առաջ չբերեցինք ոչ թե ստեղծելու համար այն տպավորությունը, որ Դաշնակցությունն այդ թեկնածուն չունի: Մենք դրա պակասը չունենք, մենք այդ թեկնածուն տեսնում ենք առաջին հերթին հենց Դաշնակցության մեջ, որ վստահ ենք հաստատ դա կանի»:
«Ո՞վ է Դաշնակցության թեկնածուն»,- հարցրեց լրագրողը: «Դաշնակցության թեկնածուները շատ են: Ով էլ լինի, այս ծրագիրը հաստատ կիրականացնի»,- պատասխանեց Ռուստամյանը: