«Եթե կա մեկը, որ չէր ցանկանա Սերժ Սարգսյանի տապալվելը, դա նախևառաջ՝ Ռոբերտ Քոչարյանն է»
Հնարավո՞ր է` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես գան միասնական թեկնածուով: 168.am-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես այդ ալյանսի քաղաքական հեռանկարները չեմ տեսնում»: Իսկ հարցին, թե ո՞րն է իր այդ կարծիքի հիմքը, Խ. Հարությունյանը պատասխանեց. «Ուղղակի իմ քաղաքական հոտառությունը: Ալյանս` որպես այդպիսին, չի լինի, բայց բացառված չի, որ Դաշնակցությունը սատարի, թեպետ, որքան ճանաչում եմ ՀՅԴ-ին` միշտ առաջնորդվում է սեփական թեկնածու առաջադրելու քաղաքական վարքագծով:
Նույնիսկ 1991-ից սկսած՝ ՀՅԴ-ն բոլոր նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածուն: Սա քաղաքական ֆասոն չէ, և համոզված եմ, որ դա կարևոր դիրքորոշում է ՀՅԴ-ի համար»: Խ. Հարությունյանի ասելով` ընդդիմության դաշտում ինքը չի տեսնում հաղթող թեկնածու: «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը մերժում է որևէ համագործակցություն այլոց հետ, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի: Եթե մտովի տեղափոխվենք 2000թ. և հետ գանք այնտեղից, ապա կզգաք, որ իմ պնդումներն անհիմն չեն: Ցավոք, մեզանում իշխանության պատասխանատվության վերաբերյալ, այդ թվում` պերսոնիֆիկացված պատասխանատվության վերաբերյալ, տարբեր մեկնաբանություններ, ընկալումներ կան, այնպես որ, սա պատճառ կարող է լինել, որ այս պահին նրանք առերևույթ չեն համագործակցում:
Բայց 2008-ից հետո Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն (համաձայնեք, որ, այդուհանդերձ, ԲՀԿ-ի ձևավորման ակունքներում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանը), ինտենսիվ համագործակցություն կար: 2008.-ից հետո, ինչո՞ւ եք ենթադրում, որ այդ համագործակցությունը չի եղել, և ինչո՞ւ եք ենթադրում, որ հիմա չկա: Ես այդ կարծիքին չեմ: Մի բանում համոզված եմ, որ եթե կա մեկը, որ չէր ցանկանա Սերժ Սարգսյանի տապալվելը` դա նախևառաջ՝ Ռոբերտ Քոչարյանն է»: