Բաժիններ՝

«Synopsys»-ը գնացել էր ԵՊՀ` փորձով կիսվելու

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ ուսանողներն ու դասախոսներն հանդիպեցին «Synopsys» ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Կարըն Բարթլեսոնի հետ, ով ներկաների համար դասախոսություն կարդաց: Համալսարանը «Synopsys»-ի հետ համագործակցում է 2005 թվականից սկսած. համատեղ մասնագետներ են պատրաստում բակալավրիատից մինչեւ գիտության թեկնածուի աստիճան:

«Դա այն եզակի օրինակներից է, երբ համագործակցություն է ծավալվում բիզնես միջավայրի և բուհական կրթության միջև, ինչն ուղղված է տվյալ ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը»,- ողջունելով հյուրի այցը համալսարան` նշել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Կարըն Բարթլեսոնը խոսեց երկու երեւույթների մասին, որոնք փոխում են բիզնեսի մասին այսօրվա պատկերացումները եւ ավանդական ինժեներիայից շեղված են: Խոսքը գլոբալ ստանդարտների եւ բիզնեսում սոցիալական մեդիայի դերի մասին է: Կարըն Բարթլեսոնը նախ ներկայացրեց, թե պատմականորեն ինչպես են զարգացել ստանդարտները, և ինչպես են դրանք արագացնում նորարարությունները:

«Ստանդարտները մեզ շրջապատում են ամենուրեք. դրանք են WiFi-ը, ինտերնետը, USB-ն, նույնիսկ էլեկտրական վարդակը: Ամենալավ բանն այն է, որ շատ ստանդարտների միջից ընտրության հնարավորություն ունես: Դրանք իրականում զարգացնում են նորարարությունները»,- այսպես է ստանդարտ հասկացությունը բացատրում «Synopsys»-ի մասնագետը:

Այսօրվա բժշկական գերժամանակակից սարքավորումները, սմարթֆոնները եւս կառուցված են ստանդարտների հիմքի վրա: Նա խոսեց նաև «Internet of things» հասկացության մասին, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր իր պետք է ունենա իր IP հասցեն, և դրանք միմյանց հետ կհաղորդակցվեն ինտերնետի միջոցով: Այսպիսով` եթե սառնարանը «տեսնի», որ ձուն վերջացել է, ազդանշան կուղարկի մեքենային, որ մարդը դրանով գնա խանութ` ձու գնելու: Կարըն Բարթլեսոնի կարծիքով` էլեկտրոնային կառավարումը կարող է հաղորդակցման լավ միջոց լինել նաև պետական և ոչ պետական կազմակերպությունների համար:

Հետաքրքրված լսարանին տիկին Բարթլեսոնը ներկայացրեց նաև «IEEE» ասոցիացիան, որն ամենամեծն է գիտական մասնագիտական ասոցիացիաների մեջ: Այն ունի 42.000 անդամներ աշխարհի տարբեր երկրներից: Դրա աշխատանքային 6 ուղղություններից երկուսը ստանդարտների մշակումն ու կրթական գործառույթներն են:

Ուսանողները ևս կարող են դառնալ այդ ասոցիացիայի անդամ: Այն տրամադրում է դրամաշնորհներ. ուսանողները կարող են առաջարկել նախագծեր, որոնցում օգտագործված է որևէ ստանդարտ, և ստանալ 500 ԱՄՆ դոլար պարգեւ, իսկ ղեկավարը որպես հոնորար կստանա 300 ԱՄՆ դոլար:

Դասախոսության 2-րդ հատվածը վերաբերում էր բիզնեսում սոցիալական մեդիայի դերին: Կարըն Բարթլեսոնը «Synopsys»-ի օրինակով ներկայացրեց, թե ինչպես են, օրինակ, սոցիալական ցանցերը դառնում բիզնեսի զարգացման միջոց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս