Օսկանյանի հարցը չի քննարկվել
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ:
Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են ունեցել Ջեյմս Ապատուրայը և նրա գործընկերները: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ նա ընդգծեց, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց և խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատության և արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների և սկզբունքների վրա:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կարևորեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև ադրբեջանական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվելու և հերոսացվելու՝ միջազգային բոլոր նորմերին հակասող ու աղաղակող փաստին, դրա առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտնած մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրեց, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը և Վարդան Օսկանյանը հավաստիացրին, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարևոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Անկախ և ինքնուրույն ապրելու ճանապարհը բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել,- ասաց Կորյուն Նահապետյանը,-սա ոչ միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, այլև ողջ հասարակության համոզումը»:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի: