
Ավտոբուսային երկու երթուղիներ կահավորվում են GPS համակարգով

Ավտոբուսային 2 երթուղիներ կահավորվում են GPS համակարգով՝ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենը:
Տեղեկացնենք, որ մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն աշխատակից Արթուր Սարուխանյանը` ներկայում 123 միավոր տարբեր ավտոբուսային երթուղիներով ավտոբուսներ ապահովված են WiFi-ով: Դրանց վրա նշված հատուկ նշանով կարելի է տեղեկանալ դրանց մասին:
Նշենք, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի առավել մարդաշատ վայրերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi ծածկույթի ընդլայնման նպատակով: