
Խաչիկյանի ցուցմունք չտալը մարտավարությո՞ւն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ. Խաչիկյանի գործը դեռևս նախաքննության փուլում է, և որևէ նոր տեղեկություն չի կարող հայտնել այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մինչ օրս Վ. Խաչիկյանը` որպես մեղադրյալ, ցուցմունք չի տալիս, փաստաբանը պատասխանեց. «Դա մի քիչ երկար պատմություն է: Վազգեն Խաչիկյանը`որպես վկա, բազմիցս ցուցմունքներ է տվել, նա` որպես մեղադրյալ, ցուցմունք չի տվել: Նախ` դա մարտավարություն է ցուցմունք չտալը, բայց կոնկրետ այս դեպքում նոր բան չի ունեցել ասելու»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է Վ. Խաչիկյանի առողջական վիճակը, Ժ. Վարոսյանը պատասխանեց. «Նորմալ է»: