Ազգային ժողով՝ միլիոնատերերի ակումբ (պատգամավորների դրամական միջոցների ամբողջական ցանկերը)
Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ։ Սակայն, քանի որ հայրենի պատգամավորներն «ուրիշ» չեն, և նրանց գույքն ու եկամուտներն էլ օրենքով սահմանված կարգով պետք է հայտարարագրվեն ու հրապարակվեն, կարծում ենք՝ կարելի է անդրադառնալ այդ թեմային։
Եվ այսպես, օրերս վերագործարկված parliamentmonitoring.am կայքում առանձին-առանձին ներկայացված են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այդ տվյալներն ամփոփելով` մոտավորապես հաշվել ենք պատգամավորների ունեցվածքը: Իհարկե, իրենց իսկ ներկայացրած տվյալների հիման վրա:
Նշենք, որ հայտարարագրերը լրացված են 03.03.2012թ. դրությամբ: Մենք վերցրել ենք միայն դրամական միջոցների մնացորդն այդ պահի դրությամբ` առանց անշարժ և շարժական գույքի, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի: Ցանկում հաշվի չեն առնվել ԱԺ արդեն նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Բալասանյանի դրամական միջոցները։
Արդյունքում, ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել են 15.2 միլիարդ դրամ, 70 միլիոն դոլար և 23.7 միլիոն եվրո: Դոլարային արտահայտությամբ ընդհանուր մեծությունն ավելի քան 138 միլիոն դոլար է: Այսինքն` յուրաքանչյուր պատգամավորի միջին կարողությունը 1 միլիոն դոլարից քիչ ավելի է։
Սակայն բևեռացումը զգացվում է նաև ԱԺ-ում. մարդիկ կան, որ մի քանի միլիոն դոլար ունեն, ոմանք էլ` ոչ մի կոպեկ չեն հայտարարագրել: Համեմատությունը հնարավոր դարձնելու համար մենք պատգամավորների եկամուտները տարբեր արժույթներով ներկայացրել ենք մեկ ընդհանուր` դոլարային տեսքով։
Եվ ստացվել է, որ ԱԺ-ում ունենք ուղիղ 20 միլիոնատեր (դոլարով) պատգամավոր: Առաջին տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, ում հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 60 միլիոն դոլար (1 միլիարդ 161 միլիոն դրամ, 30 միլիոն 730 հազար դոլար և 20 միլիոն 483 հազար եվրո): Ցանկի երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է` 10.3 միլիոն դոլարի դրամական միջոցներով։ Երրորդ տեղում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է (9 միլիոն դոլար): Գուրգեն Արսենյանը 4-րդ տեղում է` 6.369 միլիոն դոլարով: Առաջին հնգյակը եզրափակում է մեկ այլ ԲՀԿ-ական` Գրիգորի Մարգարյանը` 5.950 միլիոն դոլար: Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը հայտարարագրել էր նաև 3 միլիոն 485 000 ռուսական ռուբլի, որը ներառված է նրա ընդհանուր ցուցանիշում։
Տվյալների ամփոփումից հետաքրքիր փաստեր կարելի է արձանագրել։ Այսպես, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ստացվում է, որ ամենահարուստը ԲՀԿ խմբակցությունն է։ 36 պատգամավորներն ընդհանուր առմամբ հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար, որը բոլոր պատգամավորների ընդհանուր թվի՝ 138 միլիոնի, 71 տոկոսն է։
Հանրապետական պատգամավորների ունեցած դրամական միջոցները 35.6 միլիոն դոլար են կազմում։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա ամենահարուստը դաշնակցականներն են. 5 պատգամավորները միասին ունեն 537 հազար դոլար։ Եթե այս հինգ պատգամավորներին ավելացնենք նաև «Ավշարի գինու գործարանի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանին (որին սատարում էր և՛ ՀՅԴ-ն, և՛ նախագահ Սերժ Սարգսյանը), ապա թիվը կհասնի շուրջ 3.9 միլիոն դոլարի։
Ի դեպ, անկուսակցական մյուս պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարագրել է 349 հազար դրամ և 36.9 դոլար։
Երկրորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 234.5 հազար դոլարով։ ՀԱԿ-ը՝ իր 7 պատգամավորներով, ունի 169 հազար դրամ։ Ընդ որում, ամենից շատ գումար հայտարարագրել է Հրանտ Բագրատյանը՝ 63 հազար դոլար և 27200 եվրո։ Արամ Մանուկյանն ու Լյուդմիլա Սարգսյանն ընդհանրապես դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 300 հազար դրամ։
Ամենաաղքատ խմբակցությունը «Ժառանգությունն» է՝ 118 800 դոլար։ Ընդ որում, եթե հանենք Խաչատուր Քոքոբելյանին (վերջինս հայտարարագրել է 20 հազար դոլարի արտարժութային միջոցներ), կմնա 98 800, որն ամբողջությամբ հայտարարագրել է Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավոր դարձած Թևան Պողոսյանը։ «Ժառանգության» մյուս անդամները հայտարարագիրը լրացնելու պահին դրամական միջոցներ չեն ունեցել։
Ընդհանուր առամամբ, դրամական միջոցներ չի հայտարարագրել 21 պատգամավոր։ Զրոյական միջոցներ հայտարարագրած պատգամավորներից 12-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Նրանց թվում են, օրինակ, Կարեն Ավագյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և այլք։ ԲՀԿ-ից դրամական միջոցներ չեն հայտարարագրել Ռուստամ Գասպարյանը, Վահան Բաբյանը և ևս 2 հոգի։ Ամբողջական ցանկը ներկայացված է։
Նշենք նաև, որ հայտարարագրված դրամական միջոցների վերլուծությունը խոսում է այն մասին, որ հայրենի պատգամավորներն այնքան էլ չեն վստահում հայկական դրամին։ Նրանց խնայողությունների ընդամենը մեկ քառորդն է ազգային արժույթով։
Թերևս` այսքանը։ Կարելի էր, իհարկե, շատ այլ հետաքրքիր համեմատություններ անել, սակայն սրանով սահմանափակվենք։ Նախ՝ թերթի ծավալները թույլ չեն տալիս դա անել։ Եվ երկրորդ՝ պետք չէ չափից դուրս լուրջ վերաբերվել այս հայտարարագրերին, քանի որ Հայաստանում ունևոր մարդիկ իրենց ունեցվածքի մեծ մասը գրանցում են երրորդ մարդկանց անուններով։ Օրինակ՝ մարդիկ կան, որ նշել են մի քանի տասնյակ միլիոն դրամի շահաբաժնի մասին, սակայն ոչ մի տեղ բաժնետեր չեն (այդ մասին չեն նշել)։ Կան մարդիկ, որ ապրում են չոր աշխատավարձով, սակայն ունեն շքեղ ավտոպարկ։ Կան նաև այնպիսիք, որ գումարներ ընդհանրապես չունեն, սակայն բոլորին հայտնի է, թե քանի օբյեկտ ունեն։
Այսինքն, այս ցանկերը թույլ են տալիս պատկերացում կազմել պատգամավորների՝ ոչ այնքան ունեցվածքի, որքան նրանց անկեղծության մասին։