
Քոչարյանն ու Ծառուկյանը չեն առաջադրվի, Րաֆֆին կպայքարի երկրորդ տեղի համար

Այսօր տեղի են ունեցել առաջին հայացքից՝ իրար հետ կապ չունեցող երկու իրադարձություններ, որոնք ոչ միայն իրականում, ըստ ամենայնի, փոխպայմանավորված են, այլև զգալիորեն բացահայտում են իշխանության սցենարներն առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ:
Խոսքը «Gallup International Association» կազմակերպության հայկական գրասենյակի աշխատակիցների հրապարակած ուսումնասիրության արդյունքների և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտարարության մասին է:
Հայկական «Gallup»-ի հրապարակած արդյունքների առաջին նպատակն, իհարկե, գործող նախագահ Սերժ Սարգսյանին բոլոր ուղղություններով առաջին տեղում ներկայացնելն է, ինչին անդրադառնալու առիթ դեռ կունենանք: Բայց կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված՝ «Gallup»-ի ներկայացրած թվերը հետաքրքիր են դարձնում նրա` առաջադրվելու հայտարարությունը:
Ըստ «Gallup International Association»-ի հայկական գրասենյակի՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք» հարցի (հարցումներն իրականացվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու միջև) պատասխաններով, առաջին տեղում է հայտնվել Սերժ Սարգսյանը` 28 տոկոս ձայներով, երկրորդ տեղում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` 18 տոկոս ձայներով, երրորդ տեղում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 11 տոկոս ձայներով: Իսկ ահա, չորրորդ տեղում, ըստ այդ հարցումների, հայտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանը` 4 տոկոս ձայներով: Նրան հաջորդում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վարդան Օսկանյանը` համապատասխանաբար՝ 3 տոկոս ձայնով:
Իրականում, արդյունքների թվային արտահայտություններից առաջ կարևոր են այն տեղերը, որոնք քաղաքական գործիչներին տրվել են «շատ անկախ» հայկական «Gallup»-ի, այսինքն` իշխանության կողմից: Դրանք ցույց են տալիս, որ իշխանությունը համոզված է` Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը չեն առաջադրելու իրենց թեկնածությունը: Այն պարզ պատճառով, որ ըստ «Gallup»-ի հրապարակած թվերի, Քոչարյանի ու Ծառուկյանի «վարկանիշերի» գումարը գերազանցում է Սերժ Սարգսյանի հավաքած ձայները: Ակնհայտ է, որ կամ Քոչարյանի, կամ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու դեպքում նրանցից մյուսի` չառաջադրվողի ձայները, ըստ սոցհարցումների տրամաբանության, գումարվելու են մյուսին: Բնականաբար, այս ամենը շատ լավ հասկանում են սոցհարցումների պատվեր տված իշխանական սոցիոլոգները, ու հազիվ թե նրանք թույլ տային հրապարակել հարցումների արդյունքներ, որոնք Սերժ Սարգսյանի` հաղթելու հնարավորությունը հասցնում են սահմանային իրավիճակի: Նման բան անելու համար նրանք պետք է համոզված լինեին, որ Քոչարյանը կամ Ծառուկյանը չեն առաջադրվելու:
Այս հարցումները ցույց են տալիս նաև, որ իշխանությունները տեղյակ են կամ մտավախություն ունեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, առաջադրելու է իր թեկնածությունը, այդ պատճառով էլ նրա վարկանիշը հավասարեցվել է Օսկանյանի վարկանիշին` 3 տոկոս ձայներով:
Իհարկե, Լ. Տեր-Պետրոսյանն այսօր չունի 2008 թվականի վարկանիշը, սակայն ակնհայտ է նաև, որ նրա վարկանիշը չի կարող նվազած լինել մինչև 3 տոկոս: Բայց, քանի որ, կրկնում ենք, սրանք ոչ թե իրական արդյունքներ են, այլ ավելի շատ` իշխանական սցենար, թվերն ընդամենը մանիպուլյացիոն նպատակ են հետապնդում: Իսկ այդ սցենարը, ընդհանուր առմամբ, հանգում է նրան, որ ընտրություններում իշխանության թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն չի առաջադրելու Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, Ռոբերտ Քոչարյանը ևս չի առաջադրվելու, և ԲՀԿ-ն կամ սատարելու է Ս. Սարգսյանին, կամ, ինչպես քննարկվում է վերջին շրջանում, այսպես կոչված, «չեզոք» դիրքորոշում է գրավելու:
«Gallup»-ի հրապարակած արդյունքներով՝ Ս. Սարգսյանը չի կարողանալու ապահովել իր հաղթանակն առաջին փուլով: Սակայն, եթե նրա ձայներին գումարվեն նաև Ծառուկյանի, ու, թեկուզ մասամբ` Քոչարյանի ձայները, ապա երկրորդ փուլի անհրաժեշտություն կարող է չառաջանալ: Կրկնում ենք, սա ոչ թե իրական պատկերն է, այլ նախագահական ընտրություններում իշխանության «ճանապարհային քարտեզը»:
Եթե ամեն ինչ ընթանա վերը նշված սցենարով, ապա, բնականաբար, առաջ է գալու «պատվավոր երկրորդ տեղը» զբաղեցնողի հարցը: Ու հենց այս առումով Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը պատահական չի թվում: Բացառված չէ, որ իշխանության ընտրությունը երկրորդ տեղի հարցում կանգ է առել հենց նրա վրա: Ընդ որում, «Ժառանգության» ղեկավարի այսօրվա ասուլիսն ընթացել է բավական տարօրինակ կերպով: Ր. Հովհաննիսյանը հանդիսավորապես հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին, ոտքի է կանգնել ու հեռացել` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
Նա խոստացել է բոլոր հարցերին պատասխանել հաջորդ երեքշաբթի: Համաձայնեք, որ Ր. Հովհաննիսյանի այդ քայլը, մեղմ ասած, տարօրինակ է: Առավել ևս, որ նա հայտարարել էր, թե ամբողջ 100 օր նվիրելու է նախագահի «քաղաքացիական թեկնածու» կերտելու գործին: Ու նման հայտարարությունից հետո նա գալիս է ասուլիս, հայտարարում, որ այդ թեկնածուն ինքն է` առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, թե ինչի արդյունքում իր ընտրությունը կանգ առավ հատկապես իր անձի վրա, ինչ եղան մյուս «քաղաքացիական թեկնածուները»:
Տպավորություն է ստեղծվում, որ Ր. Հովհաննիսյանի` այսօր ասուլիս հրավիրելու որոշումը կայացվել է շատ հապճեպ` ինչ-ինչ հանգամանքների ազդեցության տակ: Այսինքն` բացառված չէ, որ նրան «խորհուրդ» են տվել իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել հենց այսօր` «Gallup»-ի ցուցանիշերի հրապարակմանը զուգահեռ: