
Հանցագործության դեպքերի թիվն աճել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1023-ով: Այդ մասին կարելի է կարդալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում:
Համաձայն այդ տվյալների՝ նախորդ տարի, հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է 12736 հանցագործության դեպք՝ այս տարվա 11713 դեպքի փոխարեն: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ միայն ոչ մեծ ծանրության հանցագործություններն ավելացել են 719-ով:
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 638-ով, որից՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու միջոցով հանցագործությունները շատացել են 161-ով, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26-ով, բռնաբարությունները և բռնաբարության փորձերը՝ 11-ով:
Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 778-ով և կազմել 5764: Հանցագործությունների թվի ամենից մեծ աճն արձանագրվել է Կոտայքի մարզում, որտեղ 2012 հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 946 կատարված հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 936-ի դիմաց։ Ամենաօրինապահը, ըստ վիճակագիրների, ինչպես և նախորդ ամիս, Վայոց Ձորն է։ Հաշվետու ժամանակահատվածում այս մարզում կատարվել է 158 հանցագործություն։