Փուչիկների գործը պետք է սկսել նորովի. Ա.Սաքունց
«Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը հիմք է քննչական մարմինների համար՝ նոր քրեական գործ հարուցելու: Ես հայտարարում եմ, որ եթե նույնիսկ դատախազությունը, կամ քննչական մարմինը այդ հարցազրույցում ասված հայտարարության հիման վրա քրեական գործ չհարուցի, մենք կվերցնենք այդ հարցազույցի նյութը և ինքներս մեր կազմակերպության կողմից հաղորդում կուղարկենք դատախազություն և քննչական ծառայություն»,- galatv.am-ին փոխանցել է իրավապաշտպան, Հելսինկյան ՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի` «Փուչիկների գործը» չի կարելի փակված կամ ավարտված համարել, քանի որ ըստ էության, հնարավորություն կա փոխելու այդ գործի ընթացքը:
«Հարցազրույցում Մուրադ Բոզոյանի կինը խոսում և վկայակոչում է մի հանգամանքի մասին, որը քննությամբ գնահատական չի ստացել: Խոսքը գնում է փուչիկներ պատվիրողի, պատվիրատուի մասին: Քրեական գործով,մեղադրանք առաջադրված է միայն փուչիկներ փչողին, բայց ո՞վ է պատվիրատուն եղել, ինչքա՞ն է օրինաչափ եղել այդ պատվերը, ո՞վ է վճարել և ինչո՞ւ: Մարիամ Բոզոյանն անուն է նշում»,- ասել է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթել էին մեթանով լիցքավորված փուչիկները:
Տեղի ունեցածի առնչությամբ, մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ազատազրկվել է 1 տարի ժամկետով:
«168 ժամ»-ին տված հարցազրույցում Բոզոյանի կինը՝ Մարիա Բոզոյանը, նշել էր, որ ամուսնուն փուչիկները պատվիրել է Կարեն անունով մեկը, և որ պատվիրատուն ցանկացել է, որ Ս.Բոզոյանը մեթանով լիցքավորի փուչիկները, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը՝ թանկ է:
«Միաժամանակ, Մ. Բոզոյանը նշում է, թե ամուսինը վախենում է, այսինքն էստեղ քննչական մարմինն էլի գործ ունի անելու՝ ապահովելու է էդ անձի անվտանգությունը, եթե չասենք գուցե ինքն է ճնշում գործել: Մենք պետք է առնվազն ֆիքսենք դա: Ցավոք սրտի, միշտ չէ, որ ընթացք են տալիս: Եթե ընթացք տան, Ս Բոզոյանը դարձյալ պետք է հարցաքննվի, պետք էՄարիա Բոզոյանը հարցաքննվի և գործով չանցած ու անցած էլի մարդիկ պետք է հարցաքննվեն: Խնդիրն այն է, որ քննչական մարմինը իրավական գնահատական պետք է տա ամեն մի գործողության, ուսումնասիրի բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են տվյալ դժբախտ դեպքին, որից մեկը չէ, երկուսը չէ, հարյուրավոր մարդիկ են տուժել»,- ասել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք նաև, որ անդրադառնալով «Փուչիկների գործին», galatv.am– ի լրագրողի հետ զրույցում ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ասել էր. «Այդ հարցը միանշանակ փակ է, մենք արդեն անդրադարձել ենք այդ հարցին եւ պարզաբանումներ տվել եք:Հարցին, թե հանրապետականները իրենց մեղավոր չե՞ն համարում մայիսի 4-ի հայտնի իրադարձությունների համար, Կարեն Ավագյանը արձագանքել էր. «Ով մեղավոր է՝ ինքը կրում է իր պատիժը»: