Բաժիններ՝

«Այսօր այն օրն է, երբ ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական հարաբերությունները». Գագիկ Ծառուկյան

Այսօր Կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ «EXPO-RUSSIA ARMENIA 2012» 5-րդ հոբելյանական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և այլք:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վ.Կովալենկոն շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին` ասելով. «Ցուցահանդեսի միջոցով հնարավորություն է ընձեռվում ոչ միայն նորանոր գործնական, միջպետական հարաբերություններ ստեղծել զարգացող ընկերությունների հետ, այլև ինովացնել սեփական արտադրությունը: Գործընկերության նոր տեսակներ են բացահայտվում, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների հարաբերությունները և ապահովում է տնտեսական դինամիկ զարգացում»:

Ըստ դեսպանի, այս տարի ցուցահանդեսին մասնակցում են էլ ավելի խոշոր ընկերություններ, որոնք ներկայացնում են Ռուսաստանում խոշոր արդյունաբերության ոլորտը. «Ես վստահ եմ, որ այն ընկերությունները, որոնք ներկա են այստեղ, ունեն կոնկրետ դիրքորոշում՝ համագործակցել և զարգանալ»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին՝ շնորհավորեց բոլոր հյուրերին, մասնակիցներին և ընդգծեց, որ նմանատիպ ցուցահանդեսները հանդիսանում են Հայաստանի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:

Կարդացեք նաև

«Արդեն 5-րդ տարին է, որ մենք կազմակերպում ենք այս ցուցահանդեսը: Այն նպաստում է երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի գործնական հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական և արդյունաբերական զարգացմանը»,- իր խոսքում ասաց Գ.Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը հավաստիացրեց ներկաներին, որ այդ միջոցառման կազմակերպումը կկրի շարունակական բնույթ: Ինչպես իր խոսքում ասաց Գ. Ծառուկյանը` «մեզ համար այս ցուցահանդեսի կազմակերպումը դարձել է ավանդույթ: Բացի այդ, նմանատիպ հետաքրքիր իրադարձությունները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, եղբայրական հարաբերությունների հաստատմանը: Ես մաղթում եմ բոլորիդ լավ տրամադրություն, արդյունավետ պայմանագրերի կնքում , արևոտ Հայաստանի մասին լավ հիշողություններ»:

Ավանդական կարմիր ժապավենը կտրեցին ԲՀԿ առաջնորդը, ՀՀ ԱԺ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

Պաշտոնական բացման արարողությանը հետևեց պաշտոնյաների շրջայցը տաղավարներ, որտեղ ընկերության ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց արտադրանքները:

ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանը շրջայցի ժամանակ պարբերաբար նշում էր, որ այսօր «միասնական օր է»: Այսօր այն օրն է, երբ ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական հարաբերությունները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունն ամփոփվեց Կառավարության Ընդունելությունների տան երկրորդ հարկում, որտեղ ներկայացված էին հայրենական արտադրող ընկերությունները: Երբ հյուրերը մոտեցան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ցուցասեղանին, ռուսաստանյան պատվիրակության այն հարցին, թե որտե՞ղ է տիկին Ռոզան (Գագիկ Ծառուկյանի մայրը), ԲՀԿ առաջնորդն անկեղծորեն պատասխանեց՝ «Օна в Варденисе»:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումն ավարտվեց ԲՀԿ առաջնորդի կենացով. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս և ցանկանում եմ, որ նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ 2008-ից Երևանում կազմակերպվում է «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակը, կազմակերպիչների խոսքով, երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդումն ու զարգացումն է:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս